— Բայց ի՛նչ բախտավոր եք, տիկին,— հարեցի անմիջապես,— որբությունից և աղքատությունից հետո՝ այս հարստությունը, այս ճոխություն և...
— Խնդրում եմ չխոսել այդ հարստության մասին,— ընդմիջեց տիկին Շիլդը,— ես կարոտել եմ Աբաբիան, կարոտել եմ մեր լեզուն։
Նրա տխրագին աչքերում ես տեսա այն արևի շողերը, որ այրում են արաբական ավազուտները։
— Ես կոչվում էի Ելղեմե Բինտ-էլ-Թալիբ[1] . այժմ ինձ միսիս (տիկին) Շիլդ են կանչում. անցել են տարիներ, և տակավին չեմ կարողացել վարժվել այդ անվան։ Մր. Շիլդն ինձ այնքան է սիրում, որ ճգնում է Նյու֊Յորքն ինձ համար ջեննեթ դարձնել, բայց իզուր։
Երբ տիկին Շիլդը խոսում էր, ինձ այնպես էր թվում, որ մի մենավոր արմավենի, հեռավոր անապատում, արտասվում է ողբագին, կարծես խավարում մոռացված մի շող էր արևից բաժանված, զգում էի, որ դեմս նստած է մի շոշափելի, կիզիչ տխրության։
— Միայն մի ցանկություն ունեմ,— շարունակեց արաբուհին,— մի օր, ա՛խ, միայն մի օր կարողանայի բոբիկ ոտներով ման գալ տաք, այրող ավազների վրա, ոտաբոբիկ, բոլորովին ոտաբոբիկ, ապա հանդիպեի մի արմավենու, նստեի նրա զով շվաքի տակ։
— Բինտ էլ-Թալիբ, թույլ տվեք ձեզ այդպես կոչել...
— Ուզում եմ, որ այդպես կոչեք, քանի տարի է՝ ես այդ անունը չեմ լսել։
— Բինտ էլ–Թալիբ, խնդրեցեք մր. Շիլդից ուղարկել ձեզ Արաբիա մի քանի ամսով:
— Վախենում է, որ չվերադառնամ. ես բախտ չեմ ունենալու տեսնելու ավազները, արմավենիները, այրող ավազները:
Հարավի այս աննման բույսը մրսում էր հյուսիսի սառնամանիքում, կուչ էր գալիս նա հյուսիսի երկաթե հողմերի առաջ։
Սրճարանի սպասավորը, արևելյան ավելորդ խոնարհումներով,
23— Վ. Թոթովենց, գիրք 2
- ↑ Ելղեմե դուստր Թալիբի