Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԻԿԻՆ ՊՈՒԼՄԵՆԻ ՇՆԻԿԸ

Տիկին Պուլմենը երբ ավտոյով պտույտի էր գնում Միսսիսիպի գետի ափին երկարած ծառուղիներով, իր հինգ տարեկան երեխային թողնում էր դայակի մոտ և հետը վերցնում իր երկու տարեկան շնիկին։

Տիկին Պուլմենը և իր շնիկը սերտ կապերով էին կապված իրար հետ։

Երբ դայակը նոր ոտ ելած երեխային բերում էր իր մոր մոտ, երկու րոպեում մայրը ձանձրանում էր.

— Հոգնեցի,— ասում էր նա դայակին,— տար։

Դայակը գրկում էր երեխային և հեռանում, իսկ շնիկը գրավում էր մանկան սեփական մայրական գիրկը և ժամեր անց կացնում տիկնոջ հետ։

Մինչև անգամ հետճաշյա հրավերների ժամանակ տիկին Պուլմենը հոգածությամբ գրկում էր իր մտերիմ շնիկին և հյուրերին պատմում նրա բարեմասնությունների մասին։ Հրավերների կես ժամանակը նվիրվում էր նրան՝ շնիկին։ Հրավիրված կանայք ամենայն ուշադրությամբ լսում էին տիկին Պուլմենի պատմությունը, նրանք էլ իրենց հերթին խտտում էին շնիկին և սիրում։ Տիկին Պուլմենն անտարբերությամբ չէր կարող դիտել, երբ կանայք շոյում էին իր մտերմին։

Այն օրից, երբ տիկին Պուլմենն այդ շնիկը ունեցավ, փոխեց իր ամեն տարվա ամառանոցի վայրը, որովհետև ընտանեկան բժիշկը հայտնեց տիկին Պուլմենին, որ իր գնացած ամառանոցը վատ կարող է անդրադառնալ շատ քիչ մազ ունեցող շան վրա։