Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մայրը և կապույտ աչքերով ու ոսկեգույն մազերով իր մանկիկը, որոնք կարող էին անհետ կորչել, եթե ինքը չզոհեր իրեն։

Գերտրուդը դայակին հանձնեց իր կապույտ աչքերով և ոսկեգույն մազերով երեխային ու փոխադրվեց սևեր հագած «բարի» կնոջ «տունը» և սկսեց եռանդուն կերպով հաճախորդ֊ներ ընդունել տոկոսների համար։ Խայտաբղետ էին հաճախորդները, ծեր, կեղտոտ մորուքներով, հարբած, երիտասարդ, չար, դաժան և լկտի։ Հանրատան բոլոր մյուս աղջիկները նախանձեցին նրան, որովհետև հաճախորդները բոլորն էլ Գերտբուդին էին ձգտում, նա ջահել էր, կապույտ աչքերով, ոսկեգույն մազերով, նրա աչքերի անմեղությունը, մարմնի առողջ հոտը մղում էին բոլորին դեպի նրան։ Ամբողջ գիշերը խմում էր, պարում, մարմնի հազար և մեկ գալարումներով զվարճացնում իր տոկոսները վճարող հերոսներին։ Երբ հարբում էր Գերտրուդը և այլևս չէր կարող հաճախորդների թիվը միտը պահել, սևեր հագած «բարերար» կինը ոչ մի տոկոս չէր վճարում նրան։ Գերտբուդն ուրախ էր, որ առատ փող էր հասցնում իր պառավ մորը, որ ապրում էր գյուղի հին տանը՝ ծերունի ֆերմերի հիշատակով, և իր փոքրիկ մանկիկին։ Երբ Գերտրուդը երբեմն ազատվում էր հաճախորդներից, վազում էր տեսնելու իր փոքրիկ մանկիկին։ Նրան տեսնելն ուրախություն էր և աղեխարշ տանջանք, որովհետև զսպում էր իրեն` չհամբուրելու անմեղ մանկիկին, չհամբուրելու, որպեսզի հազար ու մի կեղտոտ բերանների հպած իր շրթները չքսվեին անմեղ մանկիկի մարմնին։

Գերտրուդը հանրատան մեջ դարձավ կեղծավոր, շողոքորթ, նա շպարեց իր գեղջկուհու պայծառ հոգին՝ ինչպես էմալե մի աման։

Երբ Փրկության Բանակի աղջիկները գալիս էին հանրատուն` քրիստոնեության համար սուրբ գիրք, ոսկեզօծ հոգեվոր երգաբան և կրոնական բրոշյուրներ ցրելու, մեկ-մեկ նա առնում էր դրանցից, մի քանի տող կարդում և շպրտում մի կողմ: