Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսեց Ֆրենկը,- վերակացուն ամեն օրվա նման եկավ և սկսեց Պոտին նկատողություններ անել: Պոտը բացատրեց, ջանաց հասկացնել վերակացուին, որ սխալվում է, բայց վերակացուն չարացել էր էգ կատվի նման և սկսեց հայհոյել, Պոտը բավական երկար լռություն պահպպանեց, ոչինչ չպատասխանեց, որ նրա շաբաթական աշխատավարձից պետք է կտրեն իբրև պատիժ Պոտը կատաղեց, հարձակվեց վերակացուի վրա, մի քանի ծանր բոկսերով նրա գլխին տալուց հետո, բռնեց, վեր բարձրացրեց նրան և ոտներից հանձնեց մեքենային, մի ակնթարթում վերակացուի ամբողջ մարմինը կուլ գնաց երկաթյա գազանին, փշրվեցին նրա ոսկորները ահավոր ճռնչոցներով, մեքենայի ճեղքերից սկսեց վազել արյունը, դեռևս մարմինը դուրս չտված մեքենան դադարեց աշխատելուց: Պոտն ապշած նայում էր մեքենայի ճեղքերից վազող արյունին: Բռնեցին Պոտին և ծեծելով տարան: Ամբողջ օրը գործարանի բանվորները սարսափ էին ապրում: Դեպքից կես ժամ հետո ոստիկաններ եկան, քննություն կատարեցին: Ոչ ոք ոչինչ չասաց դեպքի մասին, միշտ ասացին, որ մեքենայի դադրելուց հետո տեսնել են, որ սարսափելի ոճիր էր կատարվեր:

--Բացի Պոտից ուրիշներ էլ ձերբակալվեցին,- հարցրեց Ջորջը, որի աչքերից կարծես արյուն էր կաթում բարկությունից:

--Ալո, Պոտի մեքենայի կողքի չորս մեքենավարներին էլ ձերբակալեցին և տարան,- պատասխանեց բանվոր Ֆրենկը:

Ջորջը երկար լռեց, բայց վերջ ի վերջո շրթունքները կծելով ասաց.

--Իհարկե սխալ է արել Պոտը, բայց սխալ գտնել հոգեբանության մեջ դժվար է, մինչև անգամ անթույլատրելի:

--Չգիտեմ, թե վաղն ինչպես պետք գործարան գնանք, Ջորջ,- հարեց Ֆրենկը,- վտանգավոր է:

--Չեմ կարծում, որ գործարանը վաղը բացվի,- պատասխանեց Ջորջը:

Ֆրենկը մի քիչ հանգստացավ:

-- Բայց ինչ է լինելու ձերբակալվածների ընտանիքների վիճակը, իսկ Պոտին...