Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհիմն չէին: Մի հայ վաճառական ամերիկացի մի փաստարանի գրասենյակից մի արևելյան գորգ վերցրեց իբրև անպետք փալաս, որովհետև փոշու և ցեխի մեջ կորցրել էր իր նախնական պատկերը, նորոգեց, լվաց, հարթուկեց և նույն գորգը նույն փաստաբանին ծախեց 250 դոլլարով:

-- Ես ինքս կգամ ձեր բնակարանը, տիկին Հարրիսոն, և հենց բնակարանում էլ կնորոգեմ,- առաջարկեցի:

Տիկին Հարրիսոնը համաձայնվեց:

Ջորջից բաժանվելուց հետո որոշեցի մյուս օրն իսկ գնալ Հարրիսոնի բնակարանը և տեսնել գորգերը: Առավոտյան ժամը տասին նստա մի ավտոբուս և ուղևորվեցի դեպի Հըդսըն գետի ափը, ուր գտնվում էր տիկին Հարրիսոնի բնակարանը:

Մր. Հարրիսոնը համարվում էր Նյու- Յորքի ունիվերսալ խանութների թագավորը: Նրան էր պատկանում քաղաքի ունիվերսալ խանութների 50 տոկոսը:

Տիկին Դորտոնի Հարրիսոնը տարեկան տասնյակ հազար դոլլարի միայն արևելյան գորգեր էր գնում: Մինչև անգամ կային գորգավաճառներ, որոնք, միայն տիկին Հարրիսոնի պատվերի համար, մեկնում էին Արևելք գորգեր բերելու: Հազարավոր դոլլարներ աշխատելով:

Մր. Հարրիսոնի տունը մարմարից էր կառուցված, երկնագույն մարմարից, թեթև ալիքավոր սև բծերով: Երբ ես ներս մտա արտաքին երկաթյա ձոզերով մեծ դռնից ինձ դիմավորեց մի նեգր համազգեստով: Նեգրին անմիջապես ներկայացրի տիկին Հարիիսոնի տոմսը: Նեգրը կարդաց տոմսը և ցույց տվեց ինձ մայրի ծառերով եզերված կածանը: Շարունակեցի իմ ճանապարհը և հասա բնակարանի սանդուղքների ստորոտը: Դեռևս մարմարյա սանդուղքների ստորոտումն էի, երբ նշմարեցի երկու համազգեստով սպիտակամորթ մարդիկ, որոնք կանգնած էին վերևի դռան երկու կողմերին, ինչպես զինվորներ կազարմայի դռան առաջ: Բարձրացա վերև և դարձյալ ցույց տվի տիկին Հարրիսոնի տոմսը:

-- Սպասեցե՛ք,- ասաց լակեյներից մեկը և ներս գնաց:

Ես մի պապիրոս վառեցի և սկսեցի դիտել շուրջս: Ընդհանուր կանաչության մեջ ինձ թվաց, որ այս մարմարյա տունը մի վիթխարի սպիտակ վարդ է կանաչ տերևներով