— Պարոն Հովհաննես, հա՞ց ես առեր,— հարցնում է մեկը։
— Հա, հաց առեր եմ, հի, հի, հի, հի,— ծիծաղում էր անշնորհք կերպով։
— Ինչպե՞ս ես, պարոն Հովհաննես։
— Աղեկ եմ, հի, հի,հի...
Մի շատ պարզ բան։ Օրինակ՝ մեկն ասում էր, որ անձրև է գալիս.
— Հա, անզրև կուգա, հի, հի, հի...
Եվ այսպես վերջ չուներ այդ անճոռնիությունը։
Էշ Օվաննեսը մեռավ։ Ամբողջ երկու ժամ, ինչ-որ փորացավից, բղավեց, բղավեց և մեռավ։
— Էշը չի կերած խոտն է կերեր, չի մարսեր,— ասում էին։
Մեռնելուց հետո շրթունքները փակվել էին, և, բնականաբար, ոսկե ատամները չէին երևում։ Նրա ազգականները որոշեցին, որ թաղմանը ոսկե ատամներն անպայման երևան։ Ինչքան շրթունքները բաց էին անում, նորից փակվում էին։ Ազգականներն ընկան լուրջ մտահոգության մեջ։
Ինչպե՞ս անեին, որ ոսկե ատամները երևային։
— Հըպը ոսկի ատամներն էլ չերվա՞ն,— հարց էր տալիս մորաքույրը։
Շատերին հարցրին, ոչ ոք չկարողացավ մի միջոց ցույց տալ։ Վերջապես, հանգուցյալի ազգականներից մեկը գտավ ճարը՝ երկու լուցկով հեռացրեց շրթունքներն իրարից և լուցկիները ծածկեց բեղերի ծայրերով։
Թաղմանը նրա պառավ մորաքույրը լաց էր լինում և աղաղակում.
— Վա՜յ, ես քու ոսկի ատամներուդ ղուրբան ըլլիմ...
Եվ էշ Օվաննեսը, շրթունքները բաց, կարծես ծիծաղում էր երկնքի ջինջ կապույտի դեմ։
Ամերիկահայերը վերադառնում էին՝ երբեմն «կուլտուրական» հիվանդություններով (սիֆիլիս և այլն), և նրանցից