Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին։ Դարձա մայրիկիս զարմացած, մայրիկս չէր փոքրացել։

Մթնշաղի մանիշակագույն մշուշում սուրում էին ծիծեռնակները, բյուրավոր ծիծեռնակներ, որոնցից ոմանք իմ գլխի վրայով, շատ մոտիկից, սուր ճիչ արձակելով՝ անցնում էին։ Երբ ես հետևում էի նրանցից մեկնումեկի թռիչքին և պատկերացնում էի նրա թռիչքի գիծը իբրև թել, իմ առաջ դիզվում էր խառնված թելի մի կույտ։

Մայրիկիս գրկում ես այնքան խաղացի և թռչելու փորձեր արի, որ հոգնեցի, փաթաթվեցի մայրիկիս վզով, կամաց-կամաց գլուխս կախվեց ստինքների վրա, շրթներս հպան նրա ջերմ պտուկներին։ Միայն առավոտյան աչքերս բացի։ Արև էր։ Մայրիկս քնած էր, կուրծքը բաց։ Վեր կացա, մոտեցա նրան, գլուխս թաղեցի նրա կրծքի մեջ։ Մայրիկս, առանց աչքերը բանալու, մի թևով պինդ գրկեց ինձ։

Ա

Հայրս կալվածատեր էր և մեր գավառում պետական բարձր պաշտոնատար։

Բայց ես պետք է սկսեմ նրա մահից։

Նա մահվան պատրաստվեց այնպես, ինչպես նորափեսան է պատրաստվում իր հարսանիքին։

Մեռնելուց մի ամիս առաջ (դեռևս ոտի վրա էր և բավական առույգ, բայց գիտեր, որ հաղթում է մահվան որդը) կանչեց հյուսնին, միասին ջոկեցին երկար ընկուզե տախտակներ։

— Էս տախտակին վրա ոստ կա,— ասաց հայրս և մեկդի նետեց տախտակը, փոխարինելով մեկ ուրիշ մաքուր տախտակով։

Ապա պառկեց հատակին, պարսկական քիրմանշահ գորգի վրա, հյուսնը վերցրեց նրա հասակի չափը։

— Չինարի բոյ ունիս, հաջի էֆենդի,— ասաց հյուսնը՝ չափը վերցնելուց հետո։

Եվ հայրս ժպտաց անտարբեր։