Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինձ այրում էր մի տենչանք՝ ուզում էի, որ ծնողներ չունենայի, լինեի որբ, բոլորովին ազատ և դառնայի աղվընիկ խաղցնող։

Հրդեհում էր ինձ այդ ցանկությունը։

Ես ամեն օր բարձրանում էի կտուրը, որպեսզի դիտեմ Ակոբի աղավնիները։

Կտուր էի բարձրանում գաղտնի, որ ոչ ոք չիմանա։ Ամոթ էր մեր ընտանիքի որևէ անդամի համար, թեկուզ ինձ նման աննշան անդամի համար, բարձրանալ կտուրը՝ դիտելու աղվընիկ խաղցնող Ակոբին, ամոթ էր հրճվել աղավնիների թռիչքով։ Բայց ես, անդիմադրելի մղումով, բարձրանում էի և դիտում։

Նրանք գլուխկոնծի էին տալիս մաքուր, ջինջ, կապույտ օդում։

Հրճվում էի ես խելագարի նման։ Երբեմն պահվում էի կտուրի լողտուրի ետև, որպեսզի աղավնիները չվախենան, իջնեն մեր կտուրի վրա և ես կարողանամ, թերևս, բռնել նրանցից մեկնումեկը, դպցնել մատներս փետուրներին։ Ոչ մի անգամ էլ չէր հաջողվում այդ։

Լողտուրի ետևում պահված՝ ես տեսնում էի, որ նրանցից մի քանիսն իջան մեր կտուրի քիվի վրա։ Ես միայն տասը քայլ հեռու եմ նրանցից, դիտում եմ ագահությամբ, այնպես զգույշ, շունչս փորս գցած, որպեսզի շուտ չթռչեն։

Ես երազումս տեսնում էի Ակոբի աղավնիներր։ Իջել են նրանք գլխիս, ուսերիս, թևերիս։ Լսում եմ նրանց մրմունջը։

Սկսում եմ ցատկել, պարել։

Նրանցից ոչ մեկը չի փախչում, բռնում եմ, շոյում, սիրում, գգվում, համբուրում, դնում ծոցիս մեջ։

Հանկարծ զգում եմ, որ երազ է, բայց շարունակվում է երազը, աղավնիները գլխիս վրա են, ուսերիս, ծոցումս։

Զարթնում եմ, ամեն ինչ չքանում է, միայն դեռևս, կարծես, շարունակում եմ լսել նրանց մրմունջը։ Երկար շարունակվում է սպիտակ աղավնիների երազի անիմանալի խայտանքը։

Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ արհամարհում