Եվ աղավնիները մահ էին, չար, սև մահ։
Ես երբեք չէի կարող հասկանալ մթին այս առեղծվածը։
«Աղվընիկ խաղցուց, տունը մոխիր դարձավ», — ասում էին հին մի աղվընիկ խաղցնողի մասին։
Աղվընիկ խաղցնողները մշտական կռվի մեջ էին։ Երբ նրանք տեսնում էին աղավնիներ օդում ճախրելիս, բաց էին թողնում իրենց լավագույն աղավնին, որպեսզի գնա, նրանցից մեկնումեկին քաշի, բերի։
Իրար ձեռքից աղավնիներ էին խլում — սա էր աղավնի խաղցնելու հմայքը։
Աղավնին չափազանց դարպասող թռչուն է, դյութող ու դյութվող։
Սերն աղավնու ամենաուժեղ բնազդն է։
Տաքացած տափակ կտուրի վրա, երբ արևի շողը կաթկթում է հեղուկի նման, կտուցներն այրվում են սիրուց, քչքչում են, թովռտում, կտուցներն ընկղմում իրենց փետուրների մեջ, կտցահարում են մարմինները՝ խայտանքից հարբած, մոտենում են իրար՝ սիրուց կրակված, քսվռտվում են, կտուցները զարնում իրար, թռնում իրար վրա։
Աղվընիկ խաղցնողը տեսնում է, որ մի կտուրից համարձակ օդը բարձրացավ մի մարի (էգ)։
Գեղեցիկ է։ Փոփոխակի մանիշակագույն և կանաչ կուրծքը փռվում է արևի շողերի տակ։
Հանում է մի դարպասող պապի (արու), «ճինս» աղավնի, տասնյակ հաղթանակներ տարած։
Պապին գնում էր, օդում դարձդարձիկ շարժումներ գործում, դառնում էր, անվերջ դառնում, մինչև հմայեր մյուսին, քաշեր բերեր իր բույնը։
Աղավնիների այդ պայքարի ժամանակ երկու աղավնիների տերերը, տարբեր կտուրների վրա, բռնվում էին անսահման անձկությամբ։ Նրանք օտարոտի սպասում էին վախճանին, ներքևից ընտանի սուլոցներ բաց թողնելով՝ ոգևորելու և քաջալերելու իրենց պայքարող աղավնիներին։
Մինչև պայքարի վախճանը՝ նրանք ապրում էին կես