Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Բայց Ակոբի կնոջ սիրտն ուրիշ վերք էր կրծում, նա դանակից վախեցողը չէր, շատ էր տեսել, տեսել էր և ամուսնու արյուն թափելը, շատ անգամներ էր նրա վերքը կապել։

Կինը մտածում էր այն բանի մասին, որ աղջիկը մեծացել էր, և եթե ամուսինը ձեռք չքաշեր աղվընիկ խաղցնելուց, սիրուն աղջիկը տանն էր մնալու։

Առհասարակ, երբ աղավնի խաղցնողները հասակն առնում էին, թողնում էին աղավնիները։

Մինչև անգամ շատերը թողնում էին ամուսնությունից անմիջապես հետո։ Բայց ոչ մի հույսի նշույլ չէր երևում, որ Ակոբը թողնի աղավնիները և խաղաղ զբաղվի իր արհեստով։

— Վազ անցիր աղվընիկներեն, ա՛յ մարդ,— աղաչում, պաղատում էր կինը,— աղջիկ զավակ ունիս, տունը կը մնա, մեղք է։

Ակոբը ցնցվում էր, մարմինը փուշ-փուշ լինում, երբ կինն աղջիկ զավակի խոսքն էր մեջ գցում։ Նրա հոգու առաջ կանգնում էին կաթնագույն աղավնիներն ու կաթնագույն, սև մազերով աղջիկը և չէր կարողանում ազատվել մեկնումեկից, մռայլվում էր, տանջվում, թախիծը, թանձր, մթին մշուշի նման, իջնում էր ճակատի վրա և չգտնելով ոչ մի ելք՝ ապտակում էր կնոջը և գոռում.

— Կենե սկսար գռվռալ, հերի՛ք է, մաշեցիր։

Կանչում էր աղջկան, դիտում նրա հասակը, ձմերուկի կտերի նման սև աչքերը, նստեցնում ծնկանը, շոյում մազերը և արցունքոտ աչքերով շշնջում.

— Կըզըմ, չինար բոյլի կըզըմ...[1]։

Արցունքները չէին թողնում, որ շարունակի, վեր էր կենում, բարձրանում կտուրը, բաց թողնում աղավնիները դեպի պաղպաջուն և կապույտ երկինքը, մոռանում աշխարհն ու իր չար օրենքները։

Երբ օդում շրխկում էին աղավնիների թևերը, մռայլը փարատվում էր Ակոբի աչքերից, ճակատի թախիծը սրբվում,

  1. Աղջիկս, չինար հասակով աղջիկս։