Չկարողանալով ոչինչ ասել, փաթաթվեց նրան և սկսեց հեկեկալ։
— Ինչո՞ւ կուլաս, կինե՞ քֆրեցին։
Աղջիկը հազիվ կարողացավ արտասանել.
— Հայրիկը...
Մայրը վազեց դեպի կտուրը։ Իսկ Ակոբը բարձրացավ կտուրը, բաց արավ աղավնիների դռնակը։ Աղավնիները դուրս թռան։
Նրանց համերգը տարածվեց օդում։ Շատերը թառեցին Ակոբի վրա, կարծես կարոտել էին։
Ակոբը լուռ կանգնեց պահ մի, հետո դարձավ հեռավոր սարերի ետև մայր մտնող արևին, հանեց ֆեսը, բռնեց աղավնիներից մեկը, քաշեց դանակը...
Թռցրեց աղավնիներից մեկի գլուխը։
Արյունը ժայթքեց նրա կրծքի սպիտակ շապկի վրա։
Ձեռքերը դողում էին։
Բռնեց երկրորդ աղավնին, բայց ձեռքերը թուլացան, դանակն ընկավ գետին։
Այդ ժամանակն էր, որ կինը բարձրացավ կտուրը, տեսավ արյունոտ դանակը գետնին, ամուսնու արյունոտ կուրծքը և նրա սարսափահար աչքերը։
Կինը չնշմարեց մորթված աղավնին, որ ընկած էր մի քանի քայլ հեռու և կարծեց, որ Ակոբը դանակով վիրավորել է իրան։
Կտուրի վրա բարձրացավ աղիողորմ ճիչ։
Աղջիկը վազեց վեր, փաթաթվեց մեկ՝ մորը, մեկ՝ հորը։
Կնոջ ճչից ես վազեցի մեր կտուրը։ Շատերն էին հավաքվել թե՛ փողոցում, թե՛ կտուրների վրա։
Դիտողները չիմացան, թե ինչ էր կատարվում։ Նրանք կարծեցին, թե աղվընիկ խաղցնող Ակոբը կնոջն էր ծեծում, և աղջիկն աշխատում էր մորն ազատել հոր ձեռքից։
Եվ էլի հայհոյեցին անմեղ աղջկան։
— Վա՛յ, ես քո աղջկանդ...
Իսկ աղվընիկ խաղցնողը, արյունոտ աչքերով, սեղմեց