տեղատվության հաջորդեց ուրախության և վստահության մի բարձր մակընթացություն։
— Մարգարիտ, ուզում եմ քեզ էլ քանդակել։
— Այսպե՞ս։
— Այո, այսպես։
— Հայրիկը, մայրիկը...— շշնջացին քրոջ վարդագույն շրթունքներր։
— Ոչ ոք չի տեսնի, առավոտները, աշխատանքից առաջ, կիրակի օրերը. հետո դու իմ քույրն ես։
— Դու իմ եղբայրն ես,— ասաց Մարգարիտը և գրկեց եղբորը։
Երբ Հովնաթանը փակեց բրուտանոցի ծանր դուռը, արեգակի վերջին շողերը հեռանում էին դաշտի բարձրաբերձ ծառերի գագաթներից, կտուրների կարմիր կղմինդրներից, իսկ արևմտյան երկնքից մաղվում էր անթեղված կրակների մանիշակագույն մոխիրը։
— Երկու օր էլ, ու կվերջացնեմ քո արձանը, Մարգարիտ,— ասաց Հովնաթանը և շորը քաշեց կավի վրա։ Նրան թվաց, որ լուսինը փաթաթեց ցեխոտ փալասի մեջ։
Նրանք դուրս եկան բրուտանոցից։
Քիչ անց՝ Երեմիան եկավ բրուտանոցը, թեև կիրակի էր և աշխատանքի օր չէր, նա մոռացել էր ջրել կավի մի խոշոր կույտ, որը հարկավոր էր առավոտյան աշխատանքի համար։
Երբ Երեմիան ջրեց կավը և ծածկեց մեծ ու թաց սավանով, ցանկացավ նորից տեսնել իր փոքրիկ Դավթի արձանը։ Նա շորը քաշեց արձանի վրայից և մի պահ ապշահար կանգ առավ։ Ո՞վ էր այդ անամոթ աղջիկը, որ մերկացել էր իր որդու առաջ և թույլ էր տվել նրան, որ օրերով դիտեր իր մարմնի յուրաքանչյուր ծալքը։
«Թերևս» երևակայությամբ է քանդակել»,— մտածեց Երեմիան, բայց ոչ, այնքա՛ն կենդանի էր իր աչքերի առաջ բարձրացած մերկ մարմինը։ Նա դարձավ դեմքի կողմը և հանկարծ ճանաչեց անամոթ աղջկան։ Արյունը վայրկենապես