Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թմբի վրա: Ավազանում ջուր չկար, հատակում, առավոտյան արևի շողերի տակ, փայլում էին ազնվագույն կավի հետ խառն զանակները: Հովնաթանը նայեց նորից այդ կավին, և նրա հոգին դողաց ստեղծագործության աննախընթաց տենչով, իսկ Մարգարիտը, կանգնած կողքին, հիշում էր այն օրը, երբ ինքը լողանում էր, և Հովնաթանը տեսավ իրեն, հիշում էր այն օրվա ջրի զովությունը և զգում էր ջրի կաթիլները, որ կաթում էին ծամերից` կրծքի և ուսերի վրա։

Նրանք իջան թմբից ներքև, Հովնաթանը նստեց պապի շիրմաքարի վրա և խոսեց այսպես.

— Դու պատվիրեցիր մեզ, որ մենք, պապ, չբաժանվենք այս կավից. ես բաժանվեցի, բայց կրծքիս վրա միշտ կրելով այս կավից մի ափ, նա խփում էր իմ կրծքին, և ես միշտ սարսռում էի նրա ջերմությունից. ահա վերադարձել եմ, պապ, այս կավի կարոտով, իմ էությունը վառվում է այժմ այս կավի բույրով, այս կավի անիմանալի և անքննելի ջերմությամբ։ Պապ, ես կուրծք տվի աշխարհի երկաթյա հողմերին, ապրեցի կյանքի բոլոր հուզումները, իջա կյանքի հատակը, լսեցի ամենից աղեխարշ կանչը կյանքի, ապրեցի և վերապրեցի մարդկության ողբերգությունն ու կատակերգությունը: Պապ, մարդկության ազնվագույն մեծամասնությունը տառապում է թշվառությունից։ Աշխարհի խորագույն ողբերգությունը ոչ թե մահն է, այլ կյանքի թշվառությունը։ Եվ թշվառությունը ծնեցնում է ազնվագույն ատելությունը, զրահապատում է հոգին, դարձնում է մարդուն ըմբոստ և դյուցազն: Ես լսեցի, որ թշվառությունը բարձրացել է և այս հին երկրում։

Հովնաթանն այլևս չշարունակեց, որովհետև նրա կապույտ աչքերը լցվեցին արցունքով։

Մարգարիտը բռնեց նրա ձեռքը և ցույց տվեց նրան քաղաք տանող արահետը։

Արահետը եզերված էր բարձր խոտերով, մասրենիների թփերով և վայրի դեղին վարդերով։ Նրանք քայլեցին այդ արահետով լուռ ու մտախոհ։

Հանկարծ հարցրեց Մարգարիտը.