Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգի առաջնորդին այդպես սուր կերպով ծաղրել էր Հովնաթանը։

Միայն Մարգարիտն էր, որ մոտենում էր եղբորը նույն անդրդվելի հավատքով և անեղծանելի սիրով։ Քույրն իր ձեռքերով լվանում էր նրա սպիտակեղենները, կարկատում գուլպաները, կարում կոփակները, հարթուկում աշխատանոցի սպիտակ շապիկները։

— Հովնաթան, մի հուսահատվիր, ես կկտրեմ իմ ծամերը, կվաճառեմ և քեզ կապրեցնեմ, ասում էր անձնվեր քույրը։

Բայց Հովնաթանն այլևս վեր չէր բարձրանում ճաշի, որովհետև չէր ուզում վեճի բռնվել քրոջ ամուսնու հետ։ Մարգարիտը լավաշի մեջ փաթաթում էր ճաշի մնացորդը, դնում գոգնոցի տակ և իջնում աշխատանոցը, տալիս Հովնաթանին։

— Մարդս ուղարկեց,— ստում էր քույրը, որպեսզի եղբայրն ուտի բերած մի պատառը։

Հովնաթանը չէր հավատում քրոջը, բայց նրա բացակայության ծամում էր բերած ճաշը։

Եվ սրբազանը, տեսնելով, որ իր նզովքից հետո էլ Հովնաթանը կուշտ է, ապրում է և ստեղծագործում, կանչեց իր մոտ Մարգարիտի ամուսնուն և ասաց.

— Հավատո՞ւմ ես դու աստծո։

— Այո։

— Հավատո՞ւմ ես դու Քրիստոսին։

— Այո։

— Հավատո՞ւմ ես դու Քրիստոսի եկեղեցուն։

— Այո։

— Հավատո՞ւմ ես, որ ես նույն այդ եկեղեցու ներկայացուցիչն եմ։

— Այո։

Սրբազանը ոտի կանգնեց և հրամայեց.

— Քո տան մեջ բնակվում է մի շուն, անաստված և անբարոյական, պետք է զրկես նրան հացից։

— Հնազանդ եմ, սրբազան,— պատասխանեց ստրուկը։

— Ուրեմն գնա՛,— հրամայեց սրբազանը։