Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ իրենց խոսակցությունը դառնում էր այն «սարսափելի ընտանիքի» շուրջը, որ ապրում էր «հարավի արիստոկրատների իբրև հարևան»։

— Իմ հայրը չկռվեց, որ սևամորթն իր որդու հարևանը դառնա,— միշտ կրկնում էր մր. Ռիգզը։

Բայց մի օր էլ համբերությանս բաժակը լցվեց, և պատասխանեցի.

— Մր. Ռիգզ, ձեր հայրը, այո, չկռվեց, որպեսզի սևամորթը ձեր հարևանը դառնա, բայց նա պարտվեց, որպեսզի սևամորթը ձեր հարևանը դառնա։

— Զզվելի սրախոսություն,— գոռաց մր. Ռիգզը և հեռացավ սեղանից։

Ես ընթրեցի, քաշվեցի իմ սենյակը և, այդ կոպտության ի պատասխան, որոշեցի ֆինանսական կրիզիս առաջացնել մր. Ռիգզի տանը։ Առավոտյան նախաճաշի չգնացի, երեկոյան դուրսն ընթրեցի։ Մյուս առավոտը մր. Ռիգզը ժպտալով մտավ սենյակս և ասաց.

— Տիկինը կարծում է, որ ես ձեզ հետ կոպիտ եմ վարվել. եթե այդպես է, ներեցեք։

— Տիկինը ճիշտ է կարծում, բայց ներում եմ,— պատասխանեցի։

— Ուրեմն այսօր նախաճաշի կգա՞ք,— հարցրեց մր. Ոիգզը։

— Ոչ,— պատասխանեցի,— բժիշկը պատվիրեց ինձ արևելյան կերակուրներ ուտել, և ես ցավում եմ, որ ստիպված եմ հրաժարվել ձեր ծառայություններից։

Մր. Ռիգզը հեռացավ տխուր։


3

Մի քանի օր հետո, երեկոյան, երբ տուն էի գալիս, իմ դռան առաջ կանգնած էր մեր սևամորթ հարևանը։ Կիսալուսի մեջ նրա աչքերը փայլում էին՝ ինչպես վառվռուն լուցկին մթնում, շրթունքները կախ, հաստ և կարմիր, ատամներն սպիտակ՝ ինչպես կատարների ձյունը, իսկ սև մորթն ինձ ներշնչեց ազնվություն։ Ես կանգ առա, նա երեսը շուռ