միևնույն մութ նկուղում գորգ ենք լվանում և միևնույն ռոճիկն ենք ստանում։ Աշխատանքից ստացած վարձատրությունն է, որ մեզ դարձնում է միևնույն դասակարգի մարդը. իմ սպիտակ մորթին ինձ ոչ մի առավելություն չի տալիս։ Թոմի աչքերը փայլատակեցին։ Նա զգաց, որ չէր կարող խուսափել իմ խոսքերից, բայց պատասխանեց.
— Հարավում այդպես չէ, հարավում սպիտակ գույնը մարդուն դարձնում է ազնվական, առանձնաշնորհյալ, սպիտակ գույնը մինչև անգամ մարդուն խելոք է դարձնում։
— Ճիշտ է, հարավում այդպես է, բայց հարավի այն սպիտակները, որոնք աշխատում են ուրիշների համար, պիտի գիտակցեն մի օր։
Թոմը կամաց-կամաց խորագույն վստահությամբ լցվեց դեպի ինձ և իմ ընկերները։ Մենք նրան հաճախ տանում էինք դասախոսությունների։ Որովհետև նա միշտ մերժում էր գալ մեզ հետ սպիտակների թատրոնը, մենք էինք գնում նեգրերի թատրոնն իր հետ։
— Թո՛մ,— մի օր դիմեցի նրան,— դու մեզ չպատմեցիր, թե ինչո՞ւ հարավից փախար դեպի հյուսիս։
— Այժմ կպատմեմ,— ասաց Թոմը և հայտնեց, որ նա հարավից փախել էր Լինչի դատաստանից խուսափելու համար։ Հարավցի սպիտակամորթներն ամբաստանել էին նրան, որ սիրահարվել է սպիտակ աղջկա վրա։ Հարավցի սպիտակամորթները որոշել էին նրան Լինչի դատաստանին ենթարկել։
— Դու սիրո՞ւմ էիր սպիտակամորթ աղջկան,— հարցրի Թոմին։
— Այո, սիրում էի, բայց ես այդ աղջկա հետ չէի խոսել անգամ, միայն ամեն օր կանգնում էի փողոցի վերևը, որպեսզի, երբ աղջիկն անցնի, տեսնեմ։ Այս էր իմ բոլոր սերը. սպիտակամորթները նշմարել էին և որոշել էին ինձ հոշոտել։ Ուրախ եմ, որ եկա հյուսիս, հանդիպեցի ձեզ,— վերջացրեց Թոմը։
— Ինչո՞ւ մեզ այնքան հավանում ես,— հարցրի։
— Չգիտեմ, կարծես դուք էլ սև եք, կամ կարծես ձեր մեջ ես էլ եմ սպիտակ։