Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հո» էինք անում և ուտում ապտակը. ո՞վ կարող էր բան չուտել մինչև պատարագի վերջը։

Մենք կաղամբը հում էլ ուտում էինք, որովհետև քաղցր էր լինում, ճիշտ մրգի նման բերում էին սեղան, ջարդված։

Մի անգամ ծառան շուկայից կաղամբի մի գլուխ էր բերել։ Մորեղբայրներից մեկը՝ Պարթևը, ճանկեց կաղամբը և ուզեց մի կտոր պոկել։ Պապս նրան սաստեց, որ «մինչև սեղան չի գա, չի պըտի ուտես»։

Բացի սաստելուց, նրա թաթիկին մի հատ էլ խփեց, բայց երբ կաղամբը ջարդեցին և բերին սեղան, Պարթևը հրաժարվեց ուտելուց։ Պապս հրամայեց նրան ուտել, նա համառորեն հրաժարվեց։ Այս անգամ պապս բռնի մի կտոր կոխեց նրա բերանը և սկսեց խփել գլխին։

— Սատկես նե, տուտես։

Պարթևը ցավից սկսեց լաց լինել և ճչալ կաղամբի խոշոր կտորը բերանում։

— Հաջի աղա, կուտե, հաջի աղա, կուտե,— աղաչում էր տատս, բայց հաջի աղան խփում էր Պարթևին և գոռում.

— Ուտելու խշրտոցը տի լսեմ...

Եվ Պարթևը հարվածներից ազատվելու համար սկսեց կես լաց լինել ու կես ուտել, և պապս հանգստացավ՝ լսելով կաղամբի՝ ատամների տակ տրորվելու յուրահատուկ խշրտոցը։

Պապիս բեղերն այնքան երկար էին, որ հասնում էին մինչև ականջները։ Նա խորագույն հպարտությամբ դիտում էր այդ բեղերը հայելու մեջ. ամեն անգամ ամեն մի պոչը երեք-երեք անգամ շոյում էր և հեռանում հայելուց։

Սովորություն ուներ նա, որ երբ Ամերիկայից նամակ էր ստանում, անպայման ծրարը պետք է մկրատով կտրեր բանալու համար։ Տատս անհամբերությամբ, և երբեմն արցունքոտ աչքերով, սպասում էր իր պանդուխտ որդիներից մեկի նամակի ընթերցման, բայց պապս անասնական համառությամբ չէր բաց անում, մինչև մկրատը գտներ, իսկ եթե մկրատն օրերով չգտներ, օրերով չէր բաց անում։ Բանալուց հետո էլ՝ երկար բարակ ակնոցն էր մաքրում, սիկարեթը փաթաթում, մոխրաման բերում, դնում իր առաջը, մի օղի էր