Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսավ, որ դատարկ է, նորից ուշաթափվեց, և այս անգամ տևեց երկար։ Հարկ եղավ բժիշկների միջամտությունը՝ ուշքի բերելու համար։

Պապս, իր ամբողջ կյանքում, չընդունեց ոչ մի սխալ։ Հավատում էր, որ ինքը երբեք ոչ մի սխալ չէր գործել։ Երբ տատս հիշեցնում էր նրան իր անվերջ դատավարությունները, փուճ համառությունը, պապս պատասխանում էր.

— Էկեր նորեն աշխարք գամ, նորեն տի էնեմ։

Ոչ ոքից խորհուրդ չէր հարցնում, բայց ինքը պահանջում էր, որ ամեն մի ծանոթ գա և իրեն խորհուրդ հարցնի։ Պապս ի՞նչ հիմք ուներ այս բոլորի համար։ Խելո՞ք էր։ Ոչ։ Պարզապես հաջի Առաքել աղան էր։ Ուրիշ ոչինչ։ Իսկ այդ հաջի Առաքել աղան ի՞նչ բան էր։ Կատարյալ ոչինչ։ Իբրև նախկին հարուստի զավակ՝ ստացել էր այդ ամբարտավանությունը և տրադիցիայով շարունակում էր այդ ոսկեզօծ ամբարտավանությունը։

Եթե մեկնումեկը պատահաբար խորհուրդ տար նրան, թեկուզ մի հասարակ բանի համար, և եթե մինչև անգամ ինքն էլ ներքուստ համոզված լիներ, որ խորհուրդը ճիշտ է և օգտակար, չէր լսի։ Ինչպե՞ս, հաջի Առաքել աղան ուրիշի՞ն լսի...

Լավ հիշում եմ, մի օր պապս բարձրացել էր սանդուղքների վրա և ուզում էր մի մեծ մեխ խփել պատին։ Ինչ-որ մի բան էին ուզում կախ տալ։ Տատս ցանկանում էր, որ մեխն ամուր խփվի, բայց որպեսզի ամուր խփել տա, ներքևից պապիս խորհուրդ տվեց մեխը թույլ խփել։ Պապս, հակառակն անելու համար, ամբողջ ուժով խփեց մեխին, և մեխը գրեթե թաղվեց պատի մեջ. այսպիսով, տատս անել տվեց իր ցանկացածը և քթի տակ մանրիկ ժպտաց։

Եթե տատս ցանկանար գնալ մի որևէ ամառանոց, ձմեռվանից սկսում էր դեմ խոսել այդ ամառանոցին։

— Էդ էլ տե՞ղ, որ կերթան, տաք, մարդ կը խաշի։

Երբ ամառը գալիս էր, պապս տատիս տանում էր այն ամառանոցը, որի դեմ տատս ձմեռը խոսում էր։

Այսպիսով, կատարվում էր տատիս ցանկությունը։