Բայց ավելի լավ է խոսել հացի մասին, ավելի շատ հացին եմ կարոտել, Եգիպտոսում այնքան հաց և աստղ կար։
— Չասացիր թե ինչո՞ւ եկար Ամերիկա,— հարցրի կարճ լռությունից հետո։
— Ի՞նչ անեի, Կլեոպատրայի հաստափոր ամուսինը իմացավ մեր հարաբերությունները և կառավարության միջոցով աքսորել տվեց ինձ պիրամիդներից։ Հաստափորը բանտարկեց Կլեոպատրային տանը։ Ես նրան չկարողացա տեսնել վերջին անգամ։ Ախ, հիմա, մինչև անգամ հիմա էլ զգում եմ նրա հրավառ բազուկները, որ գրկում էին ինձ, տեսնում եմ նրա աչքերը, որոնց մեջ ավելի պատմություն կար, քան Եգիպտոսի հնադարյան քարերի վրա։
Երկար ու ճնշող լռությունից հետո՝ Ասատուրը բարձրացրեց իր ահագնատեսիլ բազուկները և ասաց.
— Միայն այս բազուկները արժեք ունենան, գնամ, ֆիզիկական աշխատանք կատարեմ, ապրեմ և ազատվեմ մուրացկանությունից, էլ ուրիշ ոչինչ չեմ խնդրում այս թունալից աշխարհում. ինձ համար ամեն ինչ արդեն դարձել է հիշատակ։ Կլեոպատրան ապրել ու սիրել է դարեր առաջ, ես ապրել եմ միայն նրա տեսիլը։
Ասատուրը պատմելիս կծում էր իր կարմրած շրթունքները, վավաշոտությունը, ցոփությունը կուլ էին տվել նրան։
Նրա ամբողջ էությունը ճնշվում էր ինչ-որ ահավոր ծանրության տակ։ Երբ նա սկսում էր խոսել եգիպտուհու մասին, ինձ թվում էր, որ թունավոր մի բոց վառում էր նրան, լափում նրա հոգին։
— Սթափվիր հարավի կոշմարից, ասում էի նրան։ Բայց Ասատուրը, կամազուրկ, կրքի ստրուկ այդ հսկան, նայում էր ինձ ապուշացած աչքերով։ Նրա հոգին աղճատված էր, ես պատկերացնում էի նրան ջախջախված, փշրված մի արձան։
Բայց որոշեցի իրար բերել փշրված այդ արձանի բեկորները և տալ նրան մարդկային կերպարանք։