Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԺԲ

Առավոտան Թորիկը շուտ զարթնեց, տեսավ Անժելին, որի ոսկեգույն ծամերը թափվել էին բարձի վրա, ինչպես առավոտյան արևի շողերը, երկար դիտեց նրա բաց և վարդագույն թևերը։ Անժելը բաց արավ աչքերը, որ շողացին՝ ինչպես լեռնային զով լճակներ։

— Հըլե շուտ է, քնացիր, աղվորս։

Անժելը շուռ եկավ և փակեց աչքերը։ Ոտների մատների վրա քայլելով, Թորիկը դուրս եկավ սենյակից, թողնելով որ կինը քնի, ինչքան ուզենա։

Խոհանոցում Թուրվանտա Քորոն զբաղված էր:

— Թորիկ մորքուր, ի՞նչ կընես,— հարցրեց Թորիկը։

— Հալվա կեփեմ, օղուլ, կապույտ աչքերով կնկանդ համար հալվա կեփեմ։

Թորիկը խելահեղ գորովանքով գրկեց Թուրիկ մորաքույրին և սեղմեց կրծքին:

— Տեսա՞ր ինչ աղջիկ գտա:

— Քա, ո՞ւր տեղեն գտար էդ հրեշտակը:

Թորիկը կարող էր երբեք չասել, թերևս Թուրվանտա Քորոն երբեք էլ չիմանար այդ մասին, բայց Թորիկը ոչինչ չծածկեց և ուղղակի, կոպիտ կերպով ասաց:

— Վո՜ւյ, աչքս քոռանար՝ չի տեսնայի,— բացականչեց Թուրվանտա Քորոն և զարկեց ծնկներին:

Թորիկը ցնցվեց.

— Ի՞նչ եղար, Թուրիկ մորքոր,— հարցրեց ընկճված:

— Թորիկ, օղո՛ւլ, ընծիս մորթեիր, ետքեն էդ բանն ընեիր,— լաց լինելով պատասխանեց Թուրվանտա Քորոն:

Թորիկը ոչինչ չհասկացավ, բոլորովին կուրացած էր սիրուց:

— Ֆապրիկաթոռին աղջիկը իմ կնկանս եղունգին հետ չիմ փոխեր:

— Մ’ըսեր, օղո՛ւլ, մ՚ըսեր, ես ինչպե՞ս մարդոց երեսին տի նայիմ, երթամ պառկիմ Գրիգոր աղայիդ ծոցը:

— Թուրիկ մորքոր, ընծի պես որբ է,— շշնջաց Թորիկը խորապես հուզիչ և դողդոջուն ձայնով: