ես կերթամ դեպի բանտ և աքսոր, դեպի մահ ու կախաղան, դեպի փառք ու երկինք, դեպի Հայաստանի լեռները, դուք, ո՛վ բոլոր բռնակալներ այս աշխարհին, գողացեք, սասանեցեք, գուշակեցեք այն բոլոր սարսափները, զոր ես պիտի ուղարկեմ ձեզ, իմ հեղափոխականի անբիծ ճակատը երբեք չպիտի խոնարհի ձեր առջև, անիկա, իմ հեղափոխականի սեգ, վսեմ ու մաքուր ճակատը, պիտի հպի աստղերուն, կեցե՛ք բարով, ընկերներ, ես կը համբուրեմ ձեր ճակատները, դուք ալ համբուրեցեք իմ բոցավառ ճակատը։ Ես կ'երթամ, դուք կը մնաք հոս, ես կ'երթամ, դուք կ'արտասվեք հոս. կեցե՛ք բարով, կեցե՛ք բարով։
Տակավին շատ պիտի երկարեր, եթե լուրջ ուսանողներեն մեկը Սավարյանի նման չընդհատեր զայն, հիշեցնելով գաղտնի ժողովի հանգամանքը։ Ուսանողներեն մեկ քանին այնքան հուզված էին, որ սկսած էին արտասվել։ Բուրբոնյանը իր ճառը բարձրագույն հռետորական արվեստով լրացնելե հետո բռնեց բոլորին ձեռքերը և պինդ-պինդ համբուրեց բոլորին ճակատները։ Ուսանողներն ալ փոխադարձաբար համբուրեցին ընկեր դոկտոր Բուրբոնյանի հեղափոխականի անբիծ ճակատը։
Գիշերը ուշ ատեն ցրվեցան՝ ճանապարհորդության բոլոր ծրագիրները մշակելե հետո։ Բուրբոնյանը մերժեց ծովով ճամփորդել, որովհետև կուզեր ցամաքով երթալ արաբական նժույգի վրա նստած։ Ուսանողները համաձայնեցան այդ ցանկության։
Կես-գիշերեն հետո տուն վերադարձին՝ երևակայեց փողոցին մեջտեղը կանգնած Հանիֆեն, որ վհուկի մը պես աչքերը ոլորած, մազերը ցանուցրիվ, զգեստները պատառոտուն, թևերը պարզած՝ իրեն կաղերսեր և կաղաղակեր.
— Մի՛ ըլլար այդքան անգութ, ով իմ սրտին ծաղիկը, ես ալ կուգամ քեզի հետ դեպի սարեր ու ձորեր, ես ալ կընկերանամ քեզի, քու բանտերու չարչարանքներուդ, ես մինակ եմ այս ամայի աշխարհին մեջ, ոչ ոք ունիմ զիս սիրող, դուն ես իմ արևը, դուն ես իմ թագավորը, արքայից արքան, և ինկավ Բուրբոնի ոտքերուն։
Բուրբոնը արհամարհեց այդ բոլորը, անիկա որոշում