Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկին խառնիճաղանջությունն, որմե խեղճ գյուղացիները ափուբերան մնացին առաց բան հասկնալու, խոստովանելով նորեկի «յաման» ճառախոսելու կարողությունը:

Այս արարողություններեն հետո՝ Արքայազնը Համիդի ռեժիմը տապալելու համար 1907 թվին Փարիզի մեջ գումարված Կոնգրեի թռուցիկը կը բաժներ՝ ավելցնելով.

— Ես եկած եմ տապալելու համիդյան ռեժիմը, հույս մեծ ունեցեք, ես կը հաջողիմ իմ հեղափոխական-հերոսի փշոտ ճանապարհին։

Տակավին Մշերիկ գյուղի մեջ էր, երբ տարտամ լուրեր եկան Օսմանյան սահմանադրության հռչակման մասին։ Առաջին անգամ բավական զսպեց ինքզինք, բայց հետզհետե սկսավ երևակայել...— Կոնգրեն գումարվեցավ, ամբողջ Թուրքիան հեղափոխականացավ, ինքը արդեն հեղափոխական սերմեր տարածած էր Բեյրութեն մինչև Մշերիկ գյուղը և... ազատությունը եկավ։ Անիկա ձին հեծավ և քառատրոփ հասավ Տիզրանակերտ։ Քաղաքի մեծ պարիսպեն դուրս տեսավ գյուղացիներ, որ կը փութային դեպի ներս՝ սահմանադրական թափորներուն մասնակցելու համար։ Երբ դոկտ. Բուրբոնյանը ներս մտավ, հանդիպեցավ այդ թափորներեն մեկուն, որ գինովցած օրվան ազատութենեն, որովհետև բանտերեն և դժոխային զնդաններեն դուրս էին եկած հեղափոխական հինավուրց գործիչներ, գլխարկները օդին մեջ ճոճեցուցին «կեցցե» պոռալով։

Ընկ. Բուրբոնյան փութաց իրեն վերագրել այդ ցույցը։ Կանգնեցուց իր ձին, արաբական գլխանոցը հանեց գլուխեն և ճոճելով օդին մեջ՝ սկսավ... ճառել։

— Ողջո՛ւյն ձեզ հանուն Հեղափոխական Դաշնակցության, հանուն Ժընև քաղաքին։ Այս ազատությունը, որ կը վայելեք այսօր, դուք, երեկվան ստրուկներ, գործն է մերայնոց։ Շնորհակալ եմ ձեր ուրախության արտահայտությանց համար, որ կը պոռթկան դուրս ձեր կուրծքերեն ի պատիվ ինձ, անտեղի չէ այդ և անպտուղ չմնար երբեք։ Բոլոր հեղափոխությանց մեջ այսպես եղած է, ինչպես Գարիբալդին՝ ֆրանսական մեծ հեղափոխության հերոսը։ Ես լսեցի Հալեպի մեջ, որ Մեծն Տիգրանի այս քաղաքը վտանգված