Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աքսորականներու հետ՝ ժողովուրդը գրգռեց ընդդեմ նախկին ռեժիմի պաշտոնյաներու և հրապարակ բերելով զանոնք՝ հանձնեց ժողովուրդի դատաստանին։ Շատերը ծեծվեցան, մեկ-երկուքը սպանվեցան, մեկ-քանին անհետ կորան քաղաքին մեջ։

Թափորները և ցույցերը լրացնելե հետո՝ հեռագիր մը խմբագրեց և անմիջապես ուղարկեց Ժընևի «Դրոշակի» խմբագրության։

Հեղափոխական ընկերնե՛ր:

Ես ազատությունը գործադրեցի Տիգրանակերտի մեջ, քշեցի բոլոր նախկին վտանգավոր մարդիկը, և կառավարությունը առի իմ ձեռքին մեջ: Կանցնիմ ուրիշ քաղաքներ:

Կեցցե՜ ազատությունը:

Կեցցե՜ մեր գործը:

ԴՈԿՏ. ԲՈՒՐԲՈՆՅԱՆ

Երկրորդ օրը, ի պատիվ դոկտ. Բուրբոնյան հեղափոխական-հերոսին, Տիգրանակերտի բարձր դասը և մտավորական երիտասարդությունը ճաշկերույթ մը սարքեցին մեծ սալոնի մը մեջ, ուրտեղ ներկա էին եվրոպական պետությանց հլուպատոսները և ամերիկյան միսիոնարական ներկայացուցիչները։ Ներկա էին նաև օտարականներու տիկինները և օրիորդները և մեկ-քանի ազատամիտ հայ վարժուհիներ։ Բուրբոնյանը սալոնին մեկ անկյունը ջղային շարժումներով շուրջիններուն կը պատմեր իր կռիվները թուրք ժանդարմներուն հետ, իր հարաբերությունները արտասահմանի հեղափոխականներուն հետ, կը պատմեր մեծ հիացումով և խոր հարգանքով ընկեր Ս. Սավարյանի մասին, որ գացած էր ամբողջ Կիլիկիան հեղափոխականացնելու։ Արդեն նստած էին ճաշի և բոլորը հերթով իրենց բաժակները կը պարպեին ի պատիվ մեծ հյուրին, որ հերոս էր և փրկած էր Հայաստանը գիշատիչ պաշտոնյաներե, երբ հանկարծ մեկ քանի բուրժուա տղոց հետ ներս մտավ շիք պարոն մը, կեղծ ծիծաղ մը իր դեմքին վրա։

Շիք պարոնը միջահասակ էր, լայն ճակատով, որ կը վերագրվեր