Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Բուրբոնյանը նախքան գյուղ մը կամ քաղաք մը մտնելը մարդ կը ղրկեր ծանուցանելու ժողովուրդին, թաղականներուն մասնավորապես, որ հեղափոխականը կուգա և պետք է դիմավորել։ Ազատությամբ գինով ժողովուրդը այս լուրին վրա թափոր կը կազմեր և մեծ շքով կընդուներ դոկտ. Բուրբոնյանը Փայլակին վրա նստած, հոխորտ և արհամարհոտ, քիթը այնքան վեր, որ կզակը զուգահեռական մը կը կազմեր իր ուսերուն հետ։

Բուրբոնյանը Տիգրանակերտեն դուրս ելլելուն փոխեց իր արաբական ձիավորի տարազը եվրոպացի որսորդի տարազի հետ, բայց շատ զղջաց, որովհետև ճանապարհի վրա հանդիպած միամիտ մարդկանց զարմանքը կորսվեցավ։

Երբ դրոշակակիր թափորներով կը դիմավորեին զինքը, Բուրբոնյանը, ըստ սովորության, ողջույններ կուտար հանուն հեղափոխության և ազատության, հետո՝ պերճախոսության այն ատենվան գերագույն ձևով, կը պատմեր իր կռիվները վայրեվայր ձևափոխելով, զարդարելով և զարմացնելու, ապշեցնելու բոլոր հնարավոր մանրամասնություններ ավելցնելով։ Փոքրիկ քաղաքի մը մեջ պատմեց, առաջին անգամ ըլլալով, որ ինք եղած է այսինչ իսլամական ուխտատեղին օդը հանողը։ Պարտեզի վրա այդպիսի ուխտատեղի չի կար, բայց անիկա օդը հանած էր զայն... մեկ քանի անգամներ։ Բուրբոնյանը սուտի մասին գաղափար չուներ։ Իր համար ամենաիրական բանը իր երևակայությունն էր և այն, ինչ որ կը պատմեր ու կը պատկերացներ՝ իր աշխարհի եղելություններն էին։

Զինքը դիմավորող թափորները կառաջնորդեր դեպի կառավարական շենքը և կոչ կըներ ժողովուրդին մատնանշել այն բոլոր հին պաշտոնյաներուն անունները, որոնք անիրավություններ գործած էին, որոնք այսպես թե այնպես խժդժություններ ի գործ դրած էին խեղճ, խաղաղ ժողովուրդի վրա։ Ազատությամբ գինով ժողովուրդը կը թվեր անունները բոլոր անոնց, որոնք իսկապես նախկին ռեժիմի օրով սիրտ և և խիղճ չէին ունեցած։