Նա բարձրացավ քաղաքների փողոցներից և գյուղական դաշտերից՝ ինչպես վարարուն հեղեղը դարավոր երաշտից հետո։
Նա բարձրացավ, երբ ժողովրդական մասսաները տկլոր էին, քաղցած ու մռայլ։
Երկրի ամենատիպական ֆիգուրան որբն էր՝ բազմագույն և բազմահազար։
Առուները չէին երգում, և խաղողի ողկույզները կախվում էին միայն հին մատուռների քարերի վրա՝ անշող ու անարյուն։
Սրածություն էր հին այս երկրի սահմանների վրա և սահմաններից ներս։
Թռչունների երամները, ահաբեկված երկրի մթին երկնակամարից, փախել էին դեպի ավելի լուսավոր երկրներ։
Մուրացկանությունը դարձել էր օրինական, և ձեռքերը կառկառվում էին անդողդոջ ու համառ։
Թնդաց «Ինտերնացիոնալ»-ը։ Ժամանակը հանկարծ շրջվեց, ցեխի մեջ խրված անիվներն սկսեցին դառնալ կատաղի թափով, գյուղացու ճակատի վրա փայլեց քրտինքի կաթիլը՝ ինչպես աստղը մռայլ երկնքում, փոկերը շարժվեցին, և շչակները ձայնեցին լուսաբացը։