Ընթերցանության սիրահար և համառ նստող՝ նա կարճ ժամանակի ընթացքում կարդաց-վերլուծեց մարքսիզմի կլասիկան և, ըստ իր հայտարարության, «զարմանալիորեն» հեշտ յուրացրեց դժվարին հայտարարված այդ գիտությունը։
Եվ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանն սկսեց բացատրել Արևմտյան Եվրոպայի հասարակական-քաղաքական երևույթներն արտադրական ուժերի զարգացմամբ, բոլոր նախկին դասախոսությունների մեջ գործածած «ազգ» և «ժողովուրդ» բառերը փոխարինեց «դասակարգ» բառով, ճգնեց գտնել բոլոր երևույթների տնտեսական բազան, ջանաց դիտել պատմական երևույթներն իրենց շարժման, զարգացման պրոցեսում և, այսպես անելով, գնահատվեց նա Բարձրագույն ուսումնական հիմնարկության ղեկավարների կողմից։
Բայց, եթե պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը լիներ մի քիչ համարձակ մարդ, պետք է դուրս գար և հայտարարեր հրապարակով, որ կեղծիքը խեղդում է իրեն և այլևս չի կարող շարունակել։
Բայց նա լռեց։
Վաղուց էր նա սովորել, և այդ սովորությունը դարձել էր նրա մեջ օրինական միս ու արյուն, որ լռությունը գանձ է։
Մեկ-մեկ նա չէր կարող համբերել և տանը, Ելենա Բեգլարովնային, զսպված, կոկորդը սեղմելով, ինչպես զայրույթի գագաթնակետին հասած մարդ, որ ճգնում է չգոռալ, ասում էր.
— Ելենա, գեթ դու իրազեկ եղիր իմ դրության, վերջապես մեկին պետք է ասեմ։ Այսօր երկու ժամ դասախոսեցի, այսինքն՝ երկու ժամ ստեցի, ոչ ավել, ոչ պակաս — երկու ժամ։
— Մի՞թե դու վստահ էիր, որ առաջվա քո դասախոսությունների մեջ սուտ չկար, չէ՞ որ ինչ որ կատարվել է Արևմտյան Եվրոպայում, դու ներկա չես եղել և աչքերով չես տեսել։
— Ելենա, ես հիմնվել եմ միշտ պատմական անհերքելի դոկումենտների վրա, ոչինչ ավելի ճիշտ չէ, քան դոկումենտը։
Ելենա Բեգլարովնան, իհարկե, հեղափոխության և