Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։
Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։
Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ սրարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։
Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, ոմանք նշանված էին, մի քանիսը բռնվեցին Մարիցայի տանը, բայց Հակոբը սիրում էր Մարանին և նրանով լցնում իր հոգու ամբողջ պարապը։
Նրա համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան, անկողին և եփել-թափելու անհրաժեշտ պիտույքներ ու գնում արոտ։
Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ։ Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո՝ կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։
Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան և անցկացնում ժամանակը։
— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես,— հարցնում էր Հակոբը։
Մարանը վրնջում էր։