Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էնգելսը։

— Մա՞րքս-Էնգելսը։

— Ախ, Լենա, ես քեզ մի անգամ ասել եմ, որ Մարքսը տարբեր մարդ է, իսկ Էնգելսը՝ տարբեր։

— Ապա ինչո՞ւ միշտ միասին են գրում, չեմ հասկանում,— սրտնեղեց Ելենա Բեգլարովնան։

Տիրեց լռություն։

Պրոֆեսորն սկսեց ջղային երթևեկել սենյակում, իսկ Ելենա Բեգլարովնան ուշի-ուշով հետևում էր ամուսնու շարժումներին, որոնք ոչ մի օրվա նման չէին։ Նա նկատել էր, որ վերջերս ամուսինն առհասարակ շեղվում է իր սովորական կենցաղից։ Չէր պատահել, օրինակի համար, որ պրոֆեսորը մի անգամ անկողին գնալուց հետո՝ զարթներ, վառեր լույսը, մոտենար պահարանին, մի որևէ գիրք վերցներ և կանգնած տեղում մի քանի էջ կարդար ու նորից վերադառնար անկողին և նորից քներ։ Եվ պատահում էր, որ այլևս չէր էլ քնում, մնում էր արթուն՝ մինչև սենյակի լուսամուտի ապակիները ներկվեին կապույտ լույսով։ Պատահեց նաև, այն էլ երկու անգամ, որ նա զարթնեց, իր համար թեյ պատրաստեց, խմեց, ապա հագնվեց ու դուրս եկավ տնից և վերադարձավ միայն առավոտյան։

— Կարծես ճիշտ է,— շշնջում էր նա ինքնիրեն։

Ելենա Բեգլարովնան համարձակվեց.

— Լավ է, որ ճիշտ է, ի՞նչ կա, ճիշտ լինելուց ի՞նչ վնաս։

— Ինչ վնա՞ս,— հեգնեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— եթե ճիշտ է, ես ամբողջովին կորած եմ։

Ելենա Բեգլարովնան զարմացավ։

— Մի զարմանար,— ասաց պրոֆեսորը՝ մոտենալով իր կնոջը և նայելով նրա աչքերի մեջ,— դու աստծու հավատո՞ւմ ես։

Ելենա Բեգլարովնան խաչակնքեց։

— Եթե մի օր հաստատեն, այնպես ապացուցեն, որ դու էլ, առանց տարակուսանքի, հավատաս, որ աստված չկա, ի՞նչ կանես։

— Այդպիսի բան ոչ ոք չի կարող հաստատել։