Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրեշտակներ էին երգել, սպիտակ թևերով, կլոր, գիրուկ և քնքուշ փորերով, որոնց մեջտեղում փայլում էին պորտերը, որպես մարելու մոտ աստղեր երկնքում ճիշտ լուսաբացից քիչ առաջ, որտեղ ինքը՝ աստված, ահեղ և ահավոր, իջել է շատ անգամներ՝ ունկնդրելու իր երկրպագուների ստրկամիտ աղերսը, իջել է մարդկանցից անտեսանելի։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չհամարձակվեց խաչակնքել երեսը, բայց նրա հոգին խոնարհվեց մինչև եկեղեցու շեմքը։

Մի քիչ քայլելուց հետո՝ մեքենայորեն նայեց ժամացույցին և տեսավ, որ արդեն ժամը 6-ին քառորդ պակաս է, իսկ նրա դասախոսությունն սկսվում էր ճիշտ ժամը 6-ին։ Շտապեց դեպի ուսումնական հիմնարկը, բարձրացավ ամբիոն և սկսեց իր դասախոսությունը։

— Անցյալ դասախոսությամբ,— սկսեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— մենք հաստատեցինք, թե ինչպես մարդկության ողջ գործունեության, մի խոսքով՝ ամբողջ պատմության հիմքում դեր են խաղում միայն նյութական կարիքները։ Այսօրվա դասախոսությունը նպատակ պիտի ունենա այս տեսությամբ, այսինքն՝ պատմության մատերիալիստական ըմբռնման տեսությամբ, քննել Արևմտյան Եվրոպայի խոշորագույն մի երկրի՝ Անգլիայի պատմությունը...


Զ

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը և Ելենա Բեգլարովնան հետևյալ խոսակցությունն ունեցան մեռոնեփեքի առթիվ։ Պրոֆեսորն ուզում էր գնալ Էջմիածին և ներկա լինել արարողության, բայց Ելենա Բեգլարովնան կատեգորիկ կերպով դեմ գնաց նրա այդ ցանկության։

— Այնինչ, ես ուրիշ կերպ էի մտածում,— ասաց Ելենա Բեգլարովնան։

— Ի՞նչ կերպ,— հարցրեց պրոֆեսորը։

— Ես գնամ, իսկ դու մնա։

— Ի՞նչ է տարբերությունը։

— Տարբերությունն այն է, որ ե՛ս չեմ պատմության ամբիոնի պրոֆեսորը։