Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ելենա Բեգլարովնան ամբողջ գիշերը չբաժանվեց իր ամուսնուց, նա դրել էր գլուխը նրա կրծքի վրա, որ ջղային բաբախում էր, և չիմացավ, թե ինչպես աչքերը փակվեցին ու կրկին բացվեցին մի կապույտ և թռչող երազում։


ԺԳ



ԺԴ

Խաղաղ էր ծովը, կապույտ, բայց նարնջագույն արևով ողողված։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, կանգնած նավի առաջամասում, գլխիկոր և մտախոհ, դիտում էր մարմարի նման անշարժ և անդորր ջրի տարածությունը, ափսոսալով, որ նավը խանգարում էր նրա կապույտ քունը։ Դելֆիններ էին մրցում նավի հետ, զարնվում քթին, կրքոտ և համառ մի արշավ, որ երկար ժամանակ զբաղեցրեց նրան՝ Մելիք-Անդրեասյանին։ Հանկարծ հիշեց նա Ելենա Բեգլարովնային։ Նրա վերջին համբույրը դեռ այրվում էր իր շրթունքների վրա, հիշեց նրա արցունքը, որ դանդաղորեն բարձրացավ նրա աչքերի մեջ, կախվեց, ծանրացավ, և գլորվեց այտերից վար՝ ինչպես անձրևի կաթիլը լուսամուտի ապակու վրայից, աչքերի առաջ պատկերացավ երկիրը, որտեղ ծնվել, մեծացել էր և որտեղ տիրում էր այժմ պրոլետարիատը, պրոլետարիատի երկաթյա դիկտատուրան։ Լուսավոր, արևահորդ այդ երկիրը հանկարծ մռայլվեց և հետզհետե բոլորովին մթնեց նրա աչքերի առաջ։ Մութ երկնքում միայն մի աստղ էր քթթում — դա իր կինն էր։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը գնում էր դեպի բուրժուազիան, ուրեմն, դեպի հոգու և գիտության «բացարձակ ազատության» ծոցը։ Ազատության մասին մտածելով՝ մոռացավ նա ամեն ինչ, հանգավ ետև թողած մութ երկնակամարի