Նապոլոնի արձանն այնտեղ։ Մեծ Բանակի բարձր սյունի վրա, որը ձուլված էր 1805 թվականին՝ թշնամուց գրավված 1 200 թնդանոթներով։ Պրոֆեսորը ոչ թե քայլեց դեպի Նապոլեոնի արձանը, այլ երկյուղածությամբ և հափշտակությամբ գալարվեց դեպի նա, ինչպես հավատացյալը մոտենում է իր հավատքի տաճարին։ Նա մի անգամ ևս, ավելի խորը և ավելի սարսուռով, քան երբևիցե, զգաց Նապոլեոնի ուժը, նրա պատմական վսեմությունը։ Մի քանի անգամ նա դարձավ բարձր սյունի բոլորտիքը, ձեռքը քսեց պատվանդանի սառը պղնձին, բայց դուրեկան ջերմություն զգաց այդ սառնությունից։ Հանկարծ նրա աչքերը լցվեցին արցունքով։ Եթե մարդիկ չլինեին չորս կողմը, Մելիք-Անդրեասյանը կփաթաթվեր պղնձին, կհեկեկար մանկան նման քավելու համար իր դավաճանությունը Նապոլեոնի հանդեպ։
Աչքերն արցունքով լցված՝ նա մտավ Ռյու դը լա Պե, անցավ Ռյու դը Պտի Շան և իրեն գտավ Մատըլենի առաջ։ Փակ էր եկեղեցին, բայց նրա տարածուն շվաքը զով էր և հանգստացուցիչ։ Մատըլենի սյուներից կախված էին, այնպես թվաց պրոֆ․ Մելիք-Անդրեասյանին, «Ավե Մարիա» երգի թևերը, հոգու անսահման խաղաղությամբ ունկնդրեց նա այդ երգը, որ երգում էին եկեղեցու լուռ ներքնակողմում փարիզեցի հրեշտակները։
Երեկոյան պրոֆ․ Մելիք-Ադրեասյանն իր ավագ պարտականությունը համարեց այցելել իր բարերարին, նախկին նավթահորատեր Միրզա-Նուբարյանին, որի հասցեն նա սրբությամբ պահել էր իր մոտ տարիների ընթացքում։
Դեռևս ճանապարհին նրան անախորժ զգացումներ պաշարեցին։ Նախնական կրթությունից հետո, երբ տնտեսական կարիքը Մելիք-Անդրեասյանին քշում էր դեպի գավառական