Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ևս բարձրացան սարերը՝ ապստամբների ետևից։ Արևհատը, կանչեց.

— Նանի՛, ախ, նանի՛, բոլորը գնացին, մենք մնացինք։

— Աղջի՛, մտիր գոմը,— արձագանք տվեց նանին կիսախելագար վիճակում։

Արևհատը և նանին չկարողացան փախչել և մնացին գյուղում:

Արևհատը մտավ գոմը, փաթաթվեց «Մարոյին»։ «Մարոն» բառաչեց աղեկտուր։

Դսում լսվեց ծանր ոտնաձայների աղմուկ, ձիերի խրխինջ, իսկ գյուղի հյուսիսային լեռնաշղթայից սուլում էին հրացանները։ Սպիտակները, գազազած և այլանդակված, բռնեցին գյուղում մնացած պառավներին։

— Ո՞րտեղ են գյուղի ջահել աղջիկները։

— Գյուղում ջահել աղջիկ չկա, բոլորը փախան,— պատասխանեցին մի քանի պառավներ։

Բայց նրանք պառավներին ապտակեցին և պահանջնցին ջահել աղջիկ։ Պառավերից մեկը, ազատելու համար իր հարազատ ջահել աղջկան, մատնեց Արևհատին։ Եվ սպիտակները մտան նանու տունը, խուզարկեցին ամեն մի անկյուն և կեսգիշերից հետո գտան Արևհատին՝ «Մարոյի» կողքին կուչ եկած։

Ճչաց Արևհատը, աղեկտուր ձայնեց.

— Նանի՜, նանի՜...

Ոչ մի ձայն․ մի զինվոր կոպիտ ձեռքերով բռնել էր արդեն նանի բերանը։

Քարացած մթից մզվեց անմեղության արյունը կաթիլ առ կաթիլ, ատամները կրճտացին մոլուցքից, երկնքի բոլոր աստղերը դարձան ասուպ, թռան երկնակամարից, և խավարեց աշխարհը։

Առավոտյան, երբ սարերից բարձրացավ արևը, նրա սպիտակ շողերը թաթախվեցին արյան մեջ և արյունակալվեցին։