ՄԱՐԻԱՆՆԱ.— Բարև, պապաշա, լավ որ եկար։
ՎԱՍԻԼԻ.— Հը՛, ո՞ւր է Անդրեյդ։ Ո՞ւր է գնացել. տեսնում եմ, հրացանն էլ կախված է պատից։
ՄԱՐԻԱՆՆԱ.— Դուրս է գնացել, պապաշա։
ՎԱՍԻԼԻ.— Իմանում եմ, որ դուրս է գնացել. ուզում եմ ասել՝ առանց հրացանի՞ դուրս կգնան, ո՞վ է իմանում, քաղաքն այնքան տակնուվրա է եղել, որ հանկարծ յունկեր շանորդու մեկը կխփի, գետին կգցի նրան։
ՄԱՐԻԱՆՆԱ.— Տեսնու՞մ ես Անդրեյի բանը. այդքան խելք չունի, երկու տարի խրամատներում է եղել ու դեռևս այդքան բան չի մտածել։ Պապաշա, վախենում եմ, ապա ինչու՞ ուշացավ, գնամ գտնե՞մ։
ՎԱՍԻԼԻ.— (Նստելով) Է՜խ, է՜խ, Մարիաննա, շատ բաներ են պատահելու. բուրժույները հեշտությամբ իշխանությունը չեն տա Խորհուրդներին. Պիտերի փողոցները արյունով են ներկվելու— և հենց այս գիշեր։ Այս գիշեր կա՛մ մեր վերջը կլինի, կա՛մ նրանց վերջը։
ՄԱՐԻԱՆՆԱ.— Եթե իմանաս՝ ինչեր էր ասում այս մեր հարևանը... ասում էր՝ մենք մանր բուրժույներ ենք, թեյ ուզեցի՝ չտվեց, ասում էր՝ քանի որ մենք մանր բուրժույներ ենք, թեյ չունենք. ասում էր՝ դրանց բոլորին պիտի կոտորեն կազակները։ Արդեն քաղաքում կազակներ են բաց թողել։
ՎԱՍԻԼԻ.— Ո՞ր հարևանը, էն քավթա՞ռը։
ՄԱՐԻԱՆՆԱ.—Չէ, Նադեժդա Իվանովնան։
ՎԱՍԻԼԻ.— Ա՜հ, էն մեշչանկան, չինովնիկի կինը։ Լեզու է առել ու խոսում է. շուտով նրանք կտեսնեն, թե ուր են գնալու։ Ու՞ր մնաց Անդրեյը։ Այս երեկո մենք նշանակված ենք քաղաքապահ զինվոր։
ՄԱՐԻԱՆՆԱ.— Է՜հ, պապաշա, սիրտս վախենում է. ի՛նչ կարող են անել խեղճ զինվորներն ու բանվորները։ Հարևանուհու ասածը ճիշտ է, կկոտորեն ձեզ։
ՎԱՍԻԼԻ.— Ի՞նչ կարող են անել, Մարիաննա. ապա այս աշխարհը ու՞մ ուսերի վրա է կանգնած, բուրժույների՞։ Ոչ, սիրելի Մարիաննա, այս աշխարհը բանվորների ուսերի վրա է կանգնած։ Եվ փետրվարյան հեղափոխությունից