Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Մարիաննան գնում է:

Ի՞նչ կա, ընկեր։

ՔԱՂԱՔԱՑԻ.— (Բարկացած) Ո՞վ է իրավունք տվել ձեռքիցս խլելու իմ հարստությունը։

ԱՆԴՐԵՅ.— (Քմծիծաղով) Ո՞վ է իրավունք տվել... ի՞նչ է պատահել։

ՔԱՂԱՔԱՑԻ.— Իմ տան ալյուրը ամբողջ տարան։

ԱՆԴՐԵՅ.— Ալյուրը հարկավոր է բոլորի համար։

ՔԱՂԱՔԱՑԻ.— Բոլորը ինչի՞ս են պետք, ալյուրը իմն է։

ԱՆԴՐԵՅ.— (Ծանր տոնով) Լսի՛ր, ընկեր քաղաքացի, ոչինչ քոնը չէ. այս մեկը լավ իմացիր։ Կարգադրված է բռնագրավել այն ամենը, ինչ հարկավոր է հասարակական կարիքների համար, այս հեղափոխությունը հենց նրա համար է, որ այլևս ոչ ոք չկարողանա ասել իմը և քոնը. հասկանո՞ւմ եք։

ՔԱՂԱՔԱՑԻ.— Ինչպե՞ս թե իմը և քոնը չկա. բողոքում եմ։

ԱՆԴՐԵՅ.— Հանգի՛ստ։

ՔԱՂԱՔԱՑԻ.— (Բղավելով) Բողոքում եմ. անիրավություն է։ Ներս է մտնում դռան պահակը:

ԱՆԴՐԵՅ.— Տար այս ապուշին։

(Պահակը տանում է. Անդրեյը մի պահ մենակ է մնում, հոգնության և քնատության նշաններ է ցույց տալիս, գնում է լուսամատի առաջ. երկար նայում է. հեռվից լսվում է զինվորական օրկեստրի ձայնը, նրա աչքերը կամաց-կամաց փայլում են:)

Անցնում են հեղափոխական ջոկատները, անցնում են դարերի ստրուկները հաղթական երգով։ Հինը վերջացավ, հինը անդարձ գնաց, սկսվում է սոցիալիզմի կառուցման փառահեղ աշխատանքը։