Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Մեսրոպյան տառերն ինձ առաջին անգամ սովորեցրեց մի ասորի վարժապետ՝ պարոն Աշուրը։ Կարճահասակ էր նա, բայց լայնաթիկունք, ոսկրոտ, լայն և բարձր ճակատով, ճաղատ գանգով, ցցված այտոսկրներով, ժայռային մուգ-կապույտ և խոշոր աչքերով, անզուսպ աճած բեղերով, որոնք գնալով լայնանում էին և ապա մեղմորեն բարականում և կախվում անխնա կերպով բացված բերանի երկու կողմերից վար, ինչպես փոքրիկ պոչեր, ծածկելով վերևի մեծ ատամները և բերանի ահավոր խոռոչը։ Հին, բաբելոնական արձաններից պարոն Աշուրը տարբերվում էր միայն մի բանով՝ ակնոցով, մի բան, որ խանգարում էր նրա արխայիկ և վսեմ կերպարանքը։

Պարոն Աշուրը և՛ բանաստեղծ էր, գրում էր ոտանավորներ կիսագրաբար և հին վարպետների ոճով՝ «Նինջ մանկան», «Ողբ ի վերա շիրմի ազնվաշուք Նիկողայոս աղայի Ազնավուրյանց», «Հրեշտակք», «Հաղաքս զինվորի», «Վասն ընտանյաց խաղաղության», «Դստերք երկնի» և այլն, և այլն։ Այս բոլորը նա գրում էր մի որևէ դեպքի առթիվ և նվիրում էր որոշ մարդկանց։

Պարոն Աշուրն էր, որ ինձ հեգելով կարդացնել տվեց առաջին նախադասությունը՝ «Խաչ, օգնյա ինձ»։ Կային երեխաներ, որ դժվարությամբ էին «կանչում» խաչին օգնության։ Պարոն Աշուրը այդ դժվարությունը հեռացնելու համար ուներ մի շատ պարզ մեթոդ՝ փայտի հարվածը։ Պետք է խղճմտորեն հիշատակել այստեղ, որ փայտի հարվածներն իջնում էին բացառապես մարմնի փափուկ տեղերին։ Բոլոր ծնողներն էլ գոհ էին այս մեթոդից։ Ծնողներն իրենք էին, որ հրահանգում էին և քաջալերում. «Փափուկ տեղվանքը մեյ մը չկարմրցնե՞ս»։

Տառերը սովորելուց և հեգելով կարդալուց հետո մենք հեռացանք պարոն Աշուրի մոտից և գնացինք դպրոց։ Տարեվերջին նա կարդաց մի ճառ, գրած մեծ թաբաղայի վրա, որից մենք ոչինչ չհասկացանք, որովհետև գրաբար էր ամբողջովին, միայն այնքան հասկացանք, որ մեզ խրատներ էր տալիս։