ԻՍԽԵԼ.— (Հաջի Չելեբու վրա չռելով աչքերը և հեգնական քմծիծաղով) 75 000 ոսկի։
ՄՈՒՆԵՏԻԿ.— 75 000 ոսկի։
ԻՍԽԵԼ.— (Մոտենում է դեպի մատուռը:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— 80 000 օսկի։
ԻՍԽԵԼ.— (Առանց ետ դառնալու) 100 000 ոսկի։
ՄՈՒՆԵՏԻԿ.— 100 000 ոսկի։ (Լռություն) 100 000 ոսկի։ (Լռություն) 100 000 ոսկի (Լռություն) Վերջին անգամ։ 100 000 ոսկի։ (Լռություն) Ծախված է։
ԻՍԽԵԼ.— (Ետ գալով, առնում է շարոցը և խոնարհությամբ երկարելով արարողապետին) Խոնարհությամբ և երախտագիտությամբ նվիրում եմ այս չնչին իրը նորին օգոստափառ կայսեր արարողապետին։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ապրի՛ս, հավատարիմ և հլու ծառա։ Բայց արքունի սպասավորները ոչինչ չեն տանի իրենց հետ այս ապարանքից։
ԻՍԽԵԼ.— (Չարամիտ մի հայացք դեպի Հաջի Չելեբին և հերթով մյուս ամիրաներին, խոնարհվելով և ետ գնալով՝ մոտենում է մատուռի դռան:)
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ծախի՛ր մնացածները, մունետիկ։
ԻՍԽԵԼ.— (Ճանկռոտելով պատը՝ բաց է անում մատուռի դուռը) Ա՜, այստեղ ուրիշ հարստություններ կան, տեր իմ։ (Մտնում է ներս:)
ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— (Գաղտնի կերպով փախչում է դուրս:)
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— (Դողում է դժգունած:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Աննկարագրելի սառնասրտությամբ միրուքն է շփում և նայում անորոշ ուղղությամբ:)
ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Երևի պահված է հարստությունը։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Գազազած) Նոր հանցանքներ են բարդվում դիակների վրա։ (Հաջի Չելեբուն) Ի՞նչ է այդ, Հաջի Չելեբի։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մենք միասին ենք ականատես լինում առաջին անգամ, տեր իմ։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Անծանո՞թ է ձեզ այդ սենյակը։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Բոլորովին անծանոթ։
ՀԱԼԵՏ.— Այս տան այդքան մոտիկ անձնավորություն և անծանոթ։