ՆԱԶՄԻԵ.— Գարնան անձրևների ժամանակ մի քիչ զգալի եղավ։ Մոռացա ասելու, որ Չելեբին խնդրեց ուղարկել իրեն իր հոր նարգիլեն։
ՍԸՐՄԱ.— (Ուզում է խոսել:)
ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Իսկույն, պստիկ խաթուն, ոչ ոք չի գործածել։ Իր գնալու օրից փաթաթված դրված է պահարանում։
ՆԱԶՄԻԵ.— (Ուշադրությամբ նայելով Սիրանուշին) Ինչ նման է հորը։ Աստված ձեզ պարգևի, մեծ խաթուն. (էլի Սիրանուշին դառնալով և ոտի կանգնելով) ինչ հասակ, նման հոր հասակին, ինչ աչքեր, նման հոր աչքերին։ (Լռություն) Ուշացա։ Պետք է գնամ, Չելեբին հիմա եկած կլինի։
ՍԸՐՄԱ.— Սպասեք, պստիկ խաթուն, մի քիչ էլ սպասեք։ (Պառավին) Բեր այստեղ իմ փոքրիկ սնդուկը։
ՊԱՌԱՎ.— Շատ բարի (դուրս):
ՍԸՐՄԱ.— Ամիրայի կյանքի երջանկությունը ձեզանից է կախված, պստիկ խաթուն։ Մենք բոլորս խնդրում ենք ձեզանից ոչինչ չխնայել նրա երջանկության համար։
ՆԱԶՄԻԵ.— Ձեր ցանկությունը իմ էլ ցանկությունն է։
ՍԸՐՄԱ.— Ապրեք։
ՆԱԶՄԻԵ.— (Պատի վրա նշմարելով մի նկար) Ա՛հ, այս նկարը երևի Հաջի Չելեբու երիտասարդության նկարն է։
ՍԸՐՄԱ.— (Խորը հառաչելով) Այո։
ՆԱԶՄԻԵ.— (Երկար և հափշտակված նայում է նկարին:)
ՍԸՐՄԱ.— Այդ նկարում Չեչեբին քսանևհինգ տարեկան է։
ՆԱԶՄԻԵ.— Ինչքան կցանկանայի տեսնել նրան երիտասարդ։
ՍԸՐՄԱ.— Քառասունևհինգը անց չէ ամիրան, պստիկ խաթուն։
ՆԱԶՄԻԵ.— Բայց նրա ճակատի վրա շատ կյանք և շատ տանջանք կա։
ՍԸՐՄԱ.— Աշխատել է իր ողջ կյանքում։
ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— (Ներս է մտնում փոքրիկ սնդուկով և դնում է Սըրմայի առաջ:)
ՍԸՐՄԱ.— (Բաց անելով՝ միջից վերցնում է մարգարիտների մի շարոց) Ամիրան այս շարոցը ինձ նվիրել է՝ երբ մենք