Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Գ

Եվ ժամանակի ընթացքում ավազակները նվազեցին, գնալով անհետացան:

Ո՞ւր գնացին, ի՞նչ եղան, ինչպե՞ս կորան։ Դա ժամանակի քմահաճույքն է և գաղտնիքը, ոչ ոք չի իմանում։

Ասում էին, որ բնակչության մեջ ցանցառ միրուքներով, թուխ մորթով, խճճուն մազերով, կարմրած, սև աչքերով, բարակ, ճկուն և բարձրահասակ այն բնակիչները, որոնք տեղական բարբառը խոսում էին թլվատ և բոլորովին այլ երաժշտությամբ, հին ավազակների մնացորդներն են, որոնց հողի անքննելի, անիմանալի ուժը քաշեց, զոդեց իրեն, և մնացին այդ հողի վրա ու սկսեցին ըմբոշխնել քրտինքով հաց վաստակելու անհուն հաճույքը։

Երբ ավազակներն անհետացան, լեռան քաղաքի բնակիչները նորից ոտները քաշեցին դեպի լեռան քաղաքը գիշերները, ըստ դարերի սովորության, իսկ նրանց աչքերը մնացին դաշտում։

Եվ նրանցից ոմանք մտածեցին այսպես.

«Քանի որ չկան ավազակներ, և կյանքն ապահով է, ինչո՞ւ վեր բարձրանալ ամեն գիշեր և վար իջնել ամեն առավոտ՝ թողնելով մրգերն ու ծաղիկներն անտեր»:

Եվ սրանից հարյուր տարի առաջ դաշտում կառուցվեց, լեռան սպիտակ քարից, առաջին տնակը։

Կառուցվեց և երկրորդ տնակը։

Կառուցվեց երրորդը, չորրորդը, հինգերորդը — բոլորն էլ լեռան սպիտակ քարից։

Երբ դաշտում տներ կառուցելը դարձավ առօրյա սովորություն, երբ օրը նոր, տնակը նոր էր, լեռան կողից սպիտակ քար բերելը դարձավ տաժանակիր մի աշխատանք, ո՛չ մարդկային ուժն էր բավում, ո՛չ անասունների փոխադրական միջոցը, որովհետև եթե սրանք բոլորն զբաղվեին այդ աշխատանքով, դաշտի բարիքը կմնար դաշտում:

Երկար էր տևում և տնակ կառուցելը։ Մինչև լեռան կողից քարն էին պոկում, դաշտ բերում, հղկում և պատը շարում, ձմեռը վրա էր հասնում, առանց կտուրը ծածկելու: