Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թյունը։ Մարդկային քաղցը, զարհուրելի և ահավոր, գալարում է բազմություններ, բազմություններ հին ու նոր սերունդի, որոնք այնքան գեղեցկորեն և այնքան հոյակապորեն կառուցեցին մարմարյա քաղաքները։ Երկրի ընդերքում, խուլ տնքոցով, դոփում է մարդկային զրկանքը։ Եվ այդ խուլ տնքոցը շուտով, շուտով կվերածվի ծովի ահարկու մռնչյունի և աշխատավոր, ստեղծարար, բայց զրկված մարդիկ կբարձրանան հատակից` ինչպես ցիկլոնը և ինչպես հողմերից որոտացող ծառերը։

Երկիրը մարմարներով են ծաղկեցրել մարդկության այդ բազմությունները։

Այդ երկրում է ապրել աշխարհի և ժամանակների մեծագույն քանդակագործը։

Ես իմ աչքերով տեսա նրա արձանները, իմ այս ձեռքերով շոշափեցի նրա մարմարները, որոնք դարեր շնչում են և ավելի կենդանի են, քան այժմ այդ երկրում ապրող մարդիկ։ Տեսա իմ այս աչքերով, արձանն այն ծերունու, որ, ինչպես հին, առասպելապատում մատյաններն են հաղորդել, խոսել է աստծո հետ այրող ավազներից բարձրացող լեռան կատարին: Աստված խոսել է, ըստ առասպելապատում մատյանների, ամպրոպի միջոցով, այն ծերունիին, որ ջրվեժի նման թափվող միրուք ունի, և որը ազատել է իր ժողովուրդը բռնակալությունից, քաղցից ու անապատի արհավիրքից։

Ես երկրպագեցի հին այդ վարպետին ու վարպետներին և սովորեցի նրանց արվեստը։ Եվ որոշեցի վերադառնալ ու քանդակել մեր կավով և մեր սպիտակ քարով։

Հովնաթանը լռեց։

Մարգարիտը հարցրեց.

— Հովնաթան, մե՞ծ է թշվառությունն այնտեղ։

— Այո՛, թշվառությունը ծովի չափ և ծովը թշվառության չափ։

— Իսկ ինչո՞ւ երկիրն այդքան գեղեցիկ է և թշվառությունը շատ։

— Այդ նրանից է, քո՛ւյր, որ կան իշխողներ և իշխվողներ։

Տիրեց լռություն: