Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նացավ իր՝ Էմիլի հետ կատարած զբոսանքներից մեկը։ Նրանք կոնսերվատորիայից էին վերադառնում և նստեցին պուրակում հանգստանալու։ Էմիլը իսկ և իսկ այդպես շոյեց իր երեսը, և այդ փաղաքշանքը այնքա՜ն քնքույշ էր, այնքա՜ն ջերմ... Բերտան մտաբերել ուզեց, թե արդյոք միայն մի՞ անգամ էր պատահել այդ։ Ո՛չ, հաճախ, տասը, գուցե քսան անգամ։ Նրանք նստած էին լինում այգում, նստարանի վրա, և Էմիլը միշտ շոյում էր իր այտերը։ Տարօրինակ է, որ այդ ամենը նա այժմ մտաբերեց նորից։

Երևի այժմ էլ չէր մտաբերի այն զբոսանքները, եթե Ռիխարդը չլիներ, մտածում էր նա։ Սակայն մինչև ե՞րբ պիտի այսպես երազե նա։

— Ռիխարդ,— ասաց նա և աչքերը բացեց։ Նա տեսավ Ռիխարդի ծիծաղկոտ դեմքը, որ դեպի իր երեսն էր թեքվել։ Բերտային թվաց, որ Ռիխարդը հասկացել է նրա մտքերը։ Իհարկե, դա անկարելի է, որովհետև այստեղ հազիվ թե մեկը կարողանա երևակայել, որ ինքը մի ժամանակ ճանաչել է հռչակավոր ջութակահար Էմիլ Լինդբախին։

Բայց մի՞թե այժմ ճանաչում է նրան։ Չէ՞ որ նա՛, որի մասին Բերտան այժմ մտածում է, որի պատկերը անդադար սավառնում է նրա զմայլված հայացքի առջև,. այդ հիմիկվա Լիդբախը չէ, դա այդ, ջահիլ սիրուն պատանին է, որին ինքը սիրում էր, երբ դեռ բոլորովին մանկահասակ մի աղջիկ էր։ Բերտայի մտքերը ավելի հեռուն էին դնում, դեպի անցյալը, և նա չէր կարողանում կանգնեցնել, ետ բերել այդ մտքերը, դառնալ դեպի ներկան ու խոսել իր հետ նստած մանուկների հետ։ Նա մնաս բարով ասաց նրանց ու գնաց։

Դուրսը շոգ էր, իրիկնադիմի ծանր ու խեղդուկ շոգ։ Խանութները փակ էին, փողոցներն՝ ամայի։ Շուկայում, սրճատան առաջ, սեղանի շուրջը մի քանի սպա էր նստած։ Բերտան նայեց առաջին հարկի պատուհաններին։ Այնտեղ Ռուպիուս ամուսիններն էին ապրում։ Վաղուց է նրանց մոտ չէր եղել։ Ծննդի երրորդ օրվանից սկսած, շատ լավ էր հիշում Բերտան։ Երբ այն անգամ գնացել էր Ռուպիուսների մոտ, կինը տանը չէր, միայն մարդն էր։ Դա այն ժամանակ էր, որ պ. Ռուպիուսն ասաց, թե իր հիվանդությունն անբուժելի է։ Դրանից հետո Բերտան վախենում էր նրանց տունը գնալու, որտեղից այն

37