լուծել, նա մտածում է ինքնասպանությամբ սրբել խայտառակությունը: Բայց առավոտյան ամեն ինչ «հարթվում է», քանի որ նա իմանում է իրեն վիրավորանք հասցրած մարդու հանկարծակի մահվան մասին։ Այժմ նա կարող է նորից հանձնվել հերթական թեթև հաճույքներին։ Այս ամենը պատկերված է բավական որոշակի երգիծական տեսանկյունով, որով մերկացվում էր ավստրիական սպայության բարոյական ներքին անլիարժեքությանը։ Իզուր չէ, որ երկրի ռազմական մինիստրությունը «Լեյտենանտ Գուստլ» պատմվածքի համար Շնիցլերին մեղադրեց «ավստրոհունգարական բանակի պատիվը վիրավորելու» մեջ և ղրկեց նրան զինվորական բժշկի կոչումից։ Նշանակալից է այս պատմվածքը նաև իր գեղարվեստական ձևով,— այն սկզբից մինչև վերջ գրված է իբրև հերոսի ներքին մենախոսություն, իբրև նրա էությունը համակած հակասական մտորումների և վճիռների անընդհատ շարադրանք։ Կարելի է ասել, որ XX դարի նախաշեմին հրապարակ եկած այս երկը (պատմվածքը տպագրվել է 1900 թ. դեկտեմբերին) եղավ առաջին օրինակներից մեկը մենախոսական կամ «գիտակցության հոսքի» գրականության, որը լայն տարածում գտավ մեր հարյուրամյակի գեղարվեստական որոնումների մեջ։
Կարելի է հիշատակել նաև Շնիցլերի ուրիշ երկեր, որոնք գրավում են իրենց հումանիստական բովանդակությամբ և հոգեբանական խորքով։ Բայց կուզեինք նշել հատկապես մեկը՝ «Կույր Ջերոնիմոն և նրա եղբայրը» նովելը։ Դա մի հուզիչ պատմություն է երկու եղբայրների կրած տառապանքների և, ի վերջո, հոգեկան փոխըմբռնման մասին որը ձեռք է բերվում ծանր փորձությունների գնով։
⁂
Արթուր Շնիցլերի ստեղծագործության լավագույն էջերից մեկը, անտարակույս, «Տիկին Բերտա Գարլանը» («Frau Berta Garlan») վիպակն է, որը հրապարակվեց 1901 թ., իսկ հետագայում վերածվեց նաև պիեսի: Ո՞րն է վիպակի ուժը։
Ամենից առաջ, այս վիպակում բավական ամբողջական տեսքով երևան են եկել հեղինակի ռեալիստական նախասի–