ինձ նրա կողմից։ Ինքներդ դատեցեք. բոլոր այդ յոթը տարվա ընթացքում ոչ մի հառաչ չի դուրս թռել նրա շրթունքներից իր խորտակված երիտասարդության համար։
— Նա սիրում էր ձեզ,— ասաց Բերտան,— ուրեմն՝ այստեղ ոչ ողորմություն կա, ոչ զոհաբերում։
Ռուպիուսը երկար նայում էր նրան։
— Ես գիտեմ՝ ինչ կուզեիք ասել դուք։ Բայց չեք վստահում ասել։ Բայց ձեր ամուսինը գերեզմանում է հանգստանում և ոչ թե ամեն գիշեր ձեզ հետ քնում։
Նա աչքերը ուղղեց վեր, կարծես երկնքին անեծք էր ուղարկում։
Ժամանակը անցնում էր։ Բերտան իր գնալու մասին էր մտածում։
— Ե՞րբ է գնում ձեր կինը,— հարցրեց նա։
— Դրա մասին դեռ խոսք չի եղել։ Գուցե ես շա՞տ պահեցի ձեզ։
— Ոչ, ոչ, միայն... Մի՞թե Աննան ձեզ չի ասել։ Ես այսօր Վիենա եմ գնում։
Նա մինչև մազերի արմատները կարմրեց։ Ռուպիուսը մի երկարատև հայացքով զննեց նրան։ Թվում էր, թե նա ամեն ինչ հասկացավ։
— Երբ կվերադառնաք դուք,— հարցրեց նա չոր եղանակով։
— Երկու-երեք օրից։
Բերտան ուզում էր ասել Ռուպիուսին, որ նա սխալվում է, որ բնավ այն մարդու մոտ չի գնում, որին սիրում է, որ այն ամենը, ինչ վիրավորում է նրան, կեղտոտ ու ստոր բաներ են, որ կանանց բոլորովին չի զբաղեցնում։ Բայց նա խոսք չէր գտնում և լուռ էր։
— Եթե դուք երկու-երեք օրից դառնաք, կինս դեռ այստեղ կլինի։ Ուրեմն՝ բարի ճանապարհ, ողջ եղեք։
Բերտան զգում էր իր վրա նրա հայացքը, երբ մութ, վարագուրված սենյակն էր անցնում և երբ հրապարակ դուրս եկավ։
Եվ այժմք կուպեի մեջ նստած՝ Բերտան դեռ տեսնում էր նրան, լսում էր այն խոսքերը, որոնց մեջ այնքան խոր վիշտ էր հնչում, այնքան խոր, որ ինքը մինչև այժմ երևակայել