Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԴԱՄԱԹՈՒԶ, բանան, հասունանում է արևադարձային երկրներում։ Սև ծովի կովկասյան և Ղրիմի ափերին մշակում են որպես զարդարիկ բույս։ Ծաղկում և պտղաբերում է միայն մեկ անգամ, որից հետո բունը չորանում է, իսկ նոր ընձյուղներն աճում են կոճղարմատներից։ Ա. պարունակում է 10 մգ % C, B1 վիտամիններ, կարոտին (A նախավիտամին), պեկտինային նյութեր։ Պտուղները երեք երկայնակի կողերով, երկարավուն մանգաղանման են։ Դրանք 10-12 հատով ողկույզներ են կազմում։ Ցողունի վրա 6-12 ողկույզներ առաջացնում են մինչև 50 կգ զանգվածով պտղաբույլ։ Թարմ (տեխնիկապես հասունացած) Ա. պարունակում է մինչև 18 % օսլա, որը պտղի լրիվ հասունանալու ընթացքում փոխակերպվում է շաքարի (օսլայի քանակը նվազում է մինչև 2 %, իսկ շաքարինը հասնում է մոտ 19 %-ի)։ Ա. պետք է պահել 10 °C ջերմաստիճանում, ավելի ցածրի դեպքում ղրանց վրա երևան են գալիս մուգ բծեր և փչանում են։

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿՆԵՐ, յուրաքանչյուր ժողովուրդ ունի ուրույն ազգային խոհանոց, որի առանձնահատկությունները պայմանավորված են աշխարհագրական, կլիմայական, կրոնական և մի շարք այլ գործոններով։ Ազգային խոհանոցների փոխազդեցությունը բնական է և անխուսափելի։ Սեղանն ավելի բազմազան դարձնելու համար տնտեսուհիները հաճախ օգտվում են այլ ազգերի ճաշատեսակներից, որոնց մի մասի բաղադրատոմսերը բերվում են ստորև։ Ապուրներ

խարչո (վրացական), տավարի կամ ոչխարի թարմ կրծքամիսը բաժանել կտորների (3-4 կտոր յուրաքանչյուր բաժնի համար), սառը ջուր լցնել, թեժ կրակի վրա եռման հասցնել, քափը քաշել, մարմանդ կրակի վրա եփել ևս 30–40 րոպե, ապա ավելացնել բրինձ, տոմատախյուս կամ պոմիդորով պատրաստած սոխառած, կարմիր տաքդեղ, աղ։ Մատուցելուց առաջ համեմել ծեծած սխտորով, մանր կտրտած կանաչիով (գինձ, նեխուր, մաղադանոս) և եռման հասցնել։

500 գ մսին՝ 3/4 բաժակ բրինձ, 1 գլուխ սոխ, 1 ճաշի գդալ տոմատախյուս կամ 2 պոմիդոր և 2 ճաշի գդալ յուղ, 3-4 պճեղ սխտոր, աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։

Չխրթմա (վրացական), հավի կամ ոչխարի մսի արգանակ եփել և քամել։ Սոխը մանր կտրտել և յուղով տապակել (չկարմրացնել)։ Սոխառածին ալյուր ավելացնել, շարունակել տապակել ևս 5 րոպե, ապա ավելացնել արգանակ, քացախ, աղ, եռացնել, կրակից վերցնել, ավելացնել զաֆրանի թուրմով բացած ձվի դեղնուց։ Մատուցելուց առաջ ափսեի մեջ դնել մի կտոր միս և մանր կտրտած կանաչի ցանել։

600-700 գ հավի կամ 500 գ ոչխարի մսին՝ 1-2 գլուխ սոխ, 2 թեյի գդալ ցորենի ալյուր, 3 ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ զաֆրանի թուրմ, 2 ճաշի գդալ գինու քացախ, կանաչին (մաղադանոս, գինձ) և աղը՝ ըստ ճաշակի։

Շագանակով ապուր (ֆրանսիական). շագանակը սուր դանակով ճեղքել և եփել աղ գցած ջրի մեջ։ Եփած շագանակը կեղևել, պատառաքաղով տրորել, ավելացնել մանր քերիչով քերած սոխ և նեխուր, ավելացնել եռման ջուր, եփել մարմանդ կրակի վրա, համեմել մանրած մաղադանոսով, աղով, պղպեղով, կրակից վերցնելուց առաջ ավելացնել թթվասեր։

500 գ շագանակին՝ 1 գլուխ սոխ, նեխուրի 1 արմատ, 4-5 բաժակ ջուր, 1/2 բաժակ թթվասեր։

Ուկրաինական բորշչ. եփել մսի արգանակ։ Ճակնդեղը կեղևել, լվանալ, ձողաձև կտրտել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել արգանակի երեսի յուղը, տոմատախյուս, աղ, շաքարավազ, քացախ և եփել։ Գազարը, մաղադանոսը, գլուխ սոխը, քաղցր տաքդեղը ձողաձև կտրտել, թեթևակի տապակել և ավելացնել եռացող արգանակին, ավելացնել մանր կտրտած կաղամբ և կարտոֆիլ, 10-15 րոպե հետո՝ եփած ճակնդեղը, կտրտած թարմ պոմիդոր, համեմունք և բոված ալյուր։ Կրակից վերցնել և թողնել 10-15 րոպե։

Խոզի ճարպն ու սխտորը տրորել և մատուցելուց առաջ ավելացնել բորշչին։ Բորշչի հետ մատուցել թթվասեր, մանր կտրտած մաղադանոս կամ սամիթ։

500 գ մսին՝ 2-3 լ ջուր, 400 գ կաղամբ, 250 գ ճակնդեղ, 2-3 կարտոֆիլ, 1-ական գազար, մաղադանոս, տաքդեղ, 2 գլուխ սոխ, 2-3 թարմ պոմիդոր, 1/2 ճաշի գդալ ցորենի ալյուր, 50 գ խոզի ճարպ, 1/2 բաժակ թթվասեր, քացախը, շաքարավազը, աղը, համեմունքը՝ ըստ ճաշակի։

Շչի թթու կաղամբով (ռուսական). եփել մսի արգանակ։ Թթու կաղամբը կտրտել, ավելացնել 1 1/2 բաժակ ջուր, մի քիչ յուղ, կաթսայի կափարիչը դնել և մոտ 1 ժամ խաշել։ Ավելացնել մսի արգանակը, տոմատախյուսի հետ տապակած արմտիքը և եփել։ Կրակից վերցնելուց առաջ ավելացնել դափնու տերև, աղ, պղպեղ և բոված ալյուր։

500 գ մսին՝ 2-3 լ ջուր, 500 գ թթու կաղամբ, 1-ական արմտիք, 1 գլուխ սոխ, 1 ճաշի գդալ ալյուր, 2 ճաշի գդալ յուղ, 2 ճաշի գդալ տոմատախյուս, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։

Ընկույզով եղինջապուր (բուլղարական), եղինջն ընտրել, լվանալ և եփել աղ գցած եռման ջրի մեջ մինչև փափկելը, ապա ջրքամել և մանր կտրտել։

Մանր կտրտած սոխն ու ալյուրը ձեթով տապակել, ավելացնել եղինջը, խառնել և լցնել եղինջի եփուկը։ Եփել 5-6 րոպե, կրակից վերցնել և ավելացնել մանրած ընկույզ։ Մատուցելուց առաջ ապուրը համեմել ծեծած սխտորով և չորացրած դաղձով։

500 գ եղինջին՝ 1 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ ձեթ, 2 ճաշի գդալ ալյուր, 1 բաժակ ընկույզ, աղը, սխտորը և դաղձը՝ ըստ ճաշակի։

Բադրիջանով ջեռեփուկ (բուլղարական). բադրիջանը լվանալ, կլոր-կլոր կտրտել, աղ ցանել, թողնել 10-15