Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՐԾՆԱՆԵՐԿԵՐ, արծն, թողարկվում են օգտագործման համար պատրաստի վիճակում։ Արծնաթաղանթը հարթ է, փայլուն, ամուր, ջրա- և ջերմակայուն։ Ընդհանուր օգտագործման Ա. լինում է ձիթալաքի, գլիֆտալային լաքի, ձիթաֆենոլային լաքի հիմքով։

Ա-ի ծախսը կազմում է (գրամներով 1 մ2 հաշվով). սպիտակինը՝ 130, փղոսկրագայնինը՝ 170, դեղինինը՝ 165, շագանակագույնինը՝ 80, կարմրինը՝ 130, մոխրագույնինը՝ 70, սևինը՝ 65։

Ձիթալաքի հիմքով Ա-ից բացի լայն տարածում է գտել նիտրաարծնը (նիտրալաքի հիմքով), որի հիմնական առավելությունը արագ (15-30 րոպեում) չորանալու հատկությունն է։ Արծնը քսում են վրձնով կամ ներկացրիչով։ Մետաղի մակերևույթը նախապես ներկաստառում են։ Ա. լուծիչով չափից ավելի նոսրացնելու դեպքում թաղանթի փայլը կորչում է։ Խորհուրդ է տրվում չորանալուց հետո արծնապատ մակերևույթը փայլեցնել հատուկ մածուկով։

ԱՐՄԱՎԵՆԻՆԵՐ, արմավենիների ընտանիքի թփեր կամ ծառանման բույսեր տարածված երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Բնակարաններում խորհուրդ է տրվում աճեցնել Ա-ի հետևյալ տեսակները.

Կենտիա կամ հովեա և ռոպալոստիլիս՝ թեթևակի դեպի ներքև թեքված փետրաձև տերևներով։

Խամեդորեա՝ մանր ծաղիկներով, գեղազարդ ծաղկաբույլերով բազմացողուն գաճաճ։

Փյունիկ՝ նրբագեղ է, փետրաձև տերևներով, լայնասաղարթ պսակով։

Տրախիկարպուս՝ չճյուղավորված բարձր բունը պատած է բազմաթիվ դարչնագույն թելերով՝ մահացած տերևների մնացորդներով, տերևները հովանոցանման են, երկար կոթունով։

Խամերոպս՝ կարճաբուն է, բազմաթիվ ընձյուղներով։

Վեդելի՝ սենյակային պայմաններում աճող, շատ դիմացկուն գաճաճ Ա.։

Ա. դանդաղ են աճում։ Ցանկալի է բույսերը տեղադրել լուսավոր պատուհանների մոտ, արևի ուղիղ ճառագայթներից և միջանցիկ քամուց հեռու։ Գարնանը և ամռանն անհրաժեշտ է առատ ջրել, թողնելով տակդիրում ջուրը և պարբերաբար ջրցողել կամ տերևները սրբել գոլ ջրով թրջած սպունգով։

Ձմռանը Ա. շատ քիչ են ջրում՝ ապահովելով արմատների անհրաժեշտ խոնավությունը։ Տերևները կտրում են միայն տերևակոթունները չորանալուց հետո։ Հասուն Ա. տեղափոխում են 3-4 տարին մեկ անգամ, իսկ երիտասարդները՝ ավելի հաճախ։ Ա. տնկում են խորը, բայց նեղ թաղարներում։ Ծեր Ա-ի համար հողախառնուրդը պատրաստում են կավաճմային հողով և ավազով, երիտասարդների համար 3 մաս ճմային, 2 մաս տերևային հող և 1 մաս խոշորահատիկ ավազով։ Ա. բազմանում են սերմերով՝ ցանելով տերևային հողում կամ տորֆի և թեփի տաքացրած (25-30 °C) խառնուրդում։ Ծիլերը երևում են մի քանի ամսից, 10-15 սմ բարձրության բուսակները կարելի է փոխադրել հումուսի և ավազի հողախառնուրդով թաղարների մեջ։

ԱՐՋՏԱԿ, ալպիական մանուշակ, գնարբուկազգիների ընտանիքի պալարավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայրենիքը Փոքր Ասիան, Հունաստանն են։ Տերևները գեղազարդ են, մուգ կանաչ, երկար կոթուններով։ Ծաղիկները վառ են, տարաշխարհիկ, արևադարձային թիթեռներին նմանվող։ Բնակարաններում աճեցվում են պարսկական Ա. և դրա բազմահիբրիդային ձևերը։ Սենյակում Ա-ի ճիշտ խնամքի հիմնական պայմանը զով միջավայրն է, որը կարելի է ստեղծել բույսը դնելով պատուհանի երկու փեղկերի միջև կամ պատուհանային զով ջերմոցում, մարտկոցից և սենյակի օդից ապակիով, թաղանթով մեկուսացված։ Ծաղկող Ա. պետք է չափավոր ջրել (թաղարի եզրից) և պարարտացնել։ Ծաղկելուց հետո անհրաժեշտ է ջրելն աստիճանաբար պակասեցնել, իսկ տերևաթափից հետո պալարները հանել և պահել մութ տեղում։ Պալարները պետք է երբեմն խոնավացնել, իսկ հուլիսի սկզբից նորից հաճախակի ջրել, բացի այդ օրը 2-3 անգամ ջրցողել։ Սեպտեմբերի սկզբին անհրաժեշտ է վերատնկել թարմ հողի մեջ կամ փոխել հողի վերին շերտը (բացելով պալարների գագաթները), որի համար պետք է վերցնել փուխր, սննդարար հումուսի, տորֆի, թեթև ճմահողի և ավազի հավասարաչափ հողախառնուրդ։ Վերատնկելուց հետո թաղարները հարկավոր է տեղափոխել լուսավոր տեղ՝ պաշտպանելով արևի ճառագայթներից։ Անհրաժեշտ խնամքի դեպքում Ա. լավ ծաղկում է մի քանի տարի։ Բազմացվում է սերմերով, հազվադեպ պալարների բաժանումով, որը սենյակային պայմաններում դժվար է, ուստի խորհուրդ է տրվում ձեռք բերել արդեն ծաղկող բույս։ Ա-ի կտրած ծաղիկները և տերևները ծաղկամանում բավական երկար են դիմանում։

ԱՑԵՏՈՆ, բնորոշ սուր հոտով թափանցիկ, անգույն դյուրավառ հեղուկ։ Լավ լուծիչ է մի շարք օրգանական նյութերի համար։ Կիրառվում է արծնաներկերի, լաքերի (նաև եղունգների) լուծման, պինդ մակերևույթներից յուղաներկերի, հագուստից ճարպաբծերի հեռացման համար (տես Կեղտաբծերի հանում): Քանի որ Ա. քայքայում է գործվածքների ացետատային թելքերը, հարկավոր է նախապես ստուգել նրա ներգործությունը գործվածքի փոքր կտորի վրա (ացետատային գործվածքը Ա-ի ազդեցությամբ դառնում է կպչուն, իսկ չորանալուց հետո կոշտանում է)։ Ա. հրդեհավտանգ է, ուստի այն հարկավոր է գործածել և պահել կրակից հեռու։

ԲԱՐՁՐԱԽՈՍ, ցածր հաճախության էլեկտրական ազդանշանները ձայնայինի կերպափոխող սարք, ծառայում է ռադիոընդունիչներում, մագնիտոֆոններում, էլեկտրոֆոններում, ձայնի ուժեղացման համակարգերում և խոսքը, երաժշտությունը և այլ հնչյուններ բարձրաձայն վերարտադրելու համար։ Ըստ կերպափոխման եղանակի, տարբերում են էլեկտրադինամիկական, էլեկտրաստատիկական և այլ Բ-ներ։ Առավել տարածված են էլեկտրադինամիկական Բ-ները (դինամիկներ), որոնցում ազդանշանների կերպափոխման համար օգտագործում