Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարմիր լոբին թրջել։ Ոսպը, բրինձը, ձավարը լվանալ, խառնել, ավելացնել կեղևած սիսեռը և թրջած լոբին։

Ձեթով սոխառած անել, ավելացնել խառնուրդը, աղ, կարմիր պղպեղ, չորացրած ռեհան, գինձ և անընդհատ խառնելով բովել։

Թթու կաղամբը լվանալ, խճողակը դնել տերևի վրա և ծրարաձև փաթաթել՝ ամեն տոլմայի մեջ դնելով մեկական սալորաչիր։ Տոլման շարել կաթսայի մեջ, վրան շրջած ափսե դնել և այնքան ջուր լցնել, որ տոլման ծածկվի։ Եփել մարմանդ կրակի վրա (ընթացքում քիչ-քիչ եռման ջուր ավելացնելով)։ Լոբին եփվելուն պես Տ. պատրաստ է։

Խճողակի համար. 1 բաժակ լոբի, 1 բաժակ ոսպ, 1 բաժակ սիսեռ, 1 բաժակ բրինձ, 1 բաժակ հաճարի ձավար, 300 գ սալորաչիր, միջին չափի 4 գլուխ սոխ, 1 բաժակ ձեթ. աղը, պղպեղը և կանաչեղենը՝ ըստ ճաշակի։

II եղանակ. ձավարեղենը նախապես եփել տարբեր ամաններում, ավելացնել սոխառած, աղ, պղպեղ, կանաչեղեն և լավ խառնել։ Կաղամբի տերևի մեջ մի գդալ խճողակ և մեկ սալորաչիր դնել ու ծրարաձև փաթաթել։ Տոլման շարել կաթսայի մեջ, վրան շրջած ափսե դնել, ջուրը լցնել այնքան, որ տոլման ծածկվի, ձեթ ավելացնել, կափարիչը դնել և եփել մարմանդ կրակի վրա։

Մթերքի հարաբերակցությունը նույնն է, ինչ I եղանակի դեպքում։ Պասուց Տ. կարելի է փաթաթել նաև խաղողի թարմ կամ պահածոյած տերևով (թփով)՝ նախապես եռջրած և կոթերը կտրած։

ՏՈՄԱՏԱԽՅՈՒՍ, պատրաստում են հասած պոմիդորից տրորելով և եփաթանձրացնելով 2-3 անգամ։ Տոմատի մածուկից տարբերվում է չոր նյութերի քիչ պարունակությամբ (12-20 %): Չոր նյութերի 20 % խտության դեպքում Տ. պարունակում է միջին հաշվով 11,8 % շաքար, 1,8 % օրգանական թթուներ, 26 մգ % C վիտամին, 1,8 մգ % կարոտին (A նախավիտամին)։ Տ. օգտագործում են նույն նպատակով, ինչ տոմատի մածուկը։

Տ. կարելի է պատրաստել տան պայմաններում։ Հասած պոմիդորները տեսակավորել՝ հեռացնելով փչացած և թերհասուն պտուղները։ Ընտրած պոմիդորը լվանալ, կտրտել, անցկացնել մսաղացով։ Ստացված զանգվածը լցնել արծնապատ կամ չժանգոտվող պողպատե (բայց ոչ ալյումինե) կաթսայի մեջ, եռման հասցնել և տաք վիճակում անցկացնել մաղով կամ մանր անցքերով փլավքամիչով (կեղևն ու սերմերը պետք է մնան քամիչի մեջ)։ Քամած զանգվածը լցնել ոչ մեծ կաթսայի մեջ (կիսով չափ) և եփել թեժ կրակի վրա, որպեսզի լավ պահպանվեն գույնը, համը, վիտամինները, և եփելիս անընդհատ խառնել փայտե գդալով։ Տ-ի ծավալը 2,5-3 անգամ նվազելուց հետո կրակից վերցնել։ Եփման տևողությունը մինչև 45 րոպե։ Պատրաստի Տ. տաք-տաք լցնել մաքուր լվացած և եռջրած բանկաների կամ շշերի մեջ, մինչև վզիկն ընկղմել տաք ջրով կաթսայի կամ դույլի մեջ (շշերի, բանկաների տակ դնել շոր կամ փայտե միջադիր), եռացնել 30-40 րոպե, ապա փակել եռջրած խցաններով կամ թիթեղե կափարիչներով։

ՏՈՄԱՏԻ ՄԱԾՈՒԿ, պատրաստում են հասած պոմիդորից՝ տրորելով և եփելով շուրջ 6-8 անգամ։ Թողարկում են 30 % (կամ ավելի խիտ 35-40 %) չոր նյութեր պարունակող Տ.մ.։ Չոր նյութերի 30 % խտության դեպքում Տ. մ. պարունակում է միջին հաշվով 19 % շաքար, 2,5 % օրգանական թթուներ, 60 մգ % C վիտամին և 2 մգ % կարոտին (A նախավիտամին)։

Տ.մ. օգտագործում են սոուսներ, ապուրներ, մսեղեն և ձկնեղեն որոշ կերակրատեսակներ և խորտիկներ պատրաստելու համար։ Փակ ամանի մեջ մածուկը խորհուրդ է տրվում պահել 20 °C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Տ. մ. բաց ամանում պահելիս բորբոսնում է, մգանում և ստանում տհաճ համ։ Երկար պահվող մածուկն անհրաժեշտ է բաց տուփից տեղափոխել արծնապատ կամ չժանգոտվող պողպատե (բայց ոչ ալյումինե կամ պղնձե) ամանի մեջ, անընդհատ խառնելով եռման հասցնել, ավելացնել կերակրի աղ (մածուկի զանգվածի 10 %-ի հաշվով), շարունակել եռացնել 5-10 րոպե, տաք մածուկը լցնել լավ լվացած և եռման ջրով ողողած ապակե անոթի մեջ և պինդ փակել կափարիչով կամ խցանով։ Փակելուց առաջ մածուկի վրա կարելի է բարակ շերտով տաք ձեթ լցնել։ Պահել 0-5 °C ջերմաստիճանում։

ՏՈՍՏԵՐ, հացբովիչ, բովահաց պատրաստելու էլեկտրական սարք։ Բովահացի համար օգտագործում են փոքր-ինչ չորացած կտրտած հաց։ Տ-ները լինում են մեկ բաժանմունքով կիսաավտոմատ երկկողմանի տաքացմամբ։ Տ-ի պլաստմասսայե հիմքի վրա տեղադրվում է միացման մեխանիզմը։ Տ. ունի նաև լարային էլեկտրատաքացիչ տարրերով 2 խցիկ։ Հացը դնում են ցանցի (սայլակի) վրա, որը հատուկ լծակով բերվում է աշխատանքային դիրքի։ Սայլակը տեղափոխելիս տաքացիչները միանում են։ Տրված պահին ավտոմատ հարմարանքն անջատում է Տ. ցանցից, և հացով սայլակը վերադառնում է ելման դրություն։ Տ. կարելի է անջատել նաև ձեռքով, միացման տևողությունը կարելի է կարգավորել։ Տ. ունի ջերմասահմանափակիչ։ Սպառվող հզորությունը 800 Վտ է, զանգվածը՝ 2 կգ, չափերը (մմ-ով)՝ 330x145x60։

ՏՈՐԹ, տանը Տ. պատրաստելիս անհրաժեշտ է հետևել որոշակի կանոնների։ Տ-ի մեջ հալեցրած կարագ օգտագործելիս անհրաժեշտ է այն տաքացնել շատ մարմանդ կրակի վրա և փրփուր (քափ) գոյանալուն պես կրակից վերցնել։ Քիչ հետո քափը հեռացնել և կարագը զգույշ լցնել ուրիշ ամանի մեջ՝ հետևելով, որ կաթնային մասնիկները