հիվանդը զգում է ճնշվածություն կրծքում, ծանր դեպքերում առաջանում են շնչահեղձություն, շնչառության ռիթմի խախտում, շնչարգելության նշաններ։
Բ. կյանքի համար վտանգավոր հիվանդություն է, ուստի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է շտապ տեղափոխել հիվանդանոց։ Հիմնական բուժական միջամտությունը հակաբոտուլիզմային շիճուկի ներարկումն է։
Բ-ի կանխարգելումն էապես կախված է սննդամթերքի մշակման, փոխադրման, պահպանման և պատրաստման (այդ թվում նաև տնային պայմաններում պահածոյման) ժամանակ սանիտարահիգիենային կանոնների պահպանումից։
ԲՐՈՆԽԱԲՈՐԲ, բրոնխիտ, հիվանդություն, որը բնորոշվում է սուր և քրոնիկական ընթացքով։
Սուր բրոնխաբորբի հարուցիչները ստրեպտոկոկերն ու պնևմոկոկերն են։ Այն հաճախ նկատվում է նաև գրիպի, կարմրուկի, կապույտ հազի և այլ հիվանդությունների ժամանակ և կարող է դառնալ քրոնիկական։ Քրոնիկական բրոնխաբորբը կարող է զարգանալ նաև փոշի և թունավոր գազեր երկարատև շնչելիս, երկարամյա ծխելու, թոքերում արյան կանգով ուղեկցվող սրտային անբավարարության, թոքային քրոնիկական հիվանդությունների ժամանակ։ Հիվանդության առաջացմանը նպաստում են մրսածությունը, սառը օդը, ինչպես նաև գերհոգնածությունը, ֆիզիկական և նյարդային գերլարվածությունը։
Բ-ի հիմնական ախտանշանը հազն է (չոր կամ թաց) լորձաթարախային խորխարտադրությամբ, երբեմն՝ հևոցը (քրոնիկական բրոնխաբորբ)։ Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 37-38°C, առաջանում է թուլություն, տկարություն։ Սուր բրոնխաբորբի ժամանակ անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, ուժեղ սնունդ, առատ տաք հեղուկներ (թեյ ազնվամորու մուրաբայով կամ մեղրով, կաթ սոդայով կամ հանքային ջրով)։
Բժշկի նշանակմամբ կրծքավանդակին և մեջքին կպցնում են բժշկական բաժակներ, մանանեխի ծեփոններ, օգտագործում են հակաբորբոքային, խորխաբեր, հազը հանգստացնող և այլ դեղամիջոցներ։
Քրոնիկական բրոնխաբորբի հաջող բուժումը մեծամասամբ կախված է սրացումների շրջանում ժամանակին բժշկին դիմելուց և հիվանդի ճիշտ խնամքից։ Քրոնիկական բրոնխաբորբի սրացման ժամանակ անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, հիվանդը պետք է գտնվի չոր, տաք և լավ օդափոխվող սենյակում։ Ձմռանը սենյակն օդափոխելիս պետք է հիվանդին ծածկել վերմակով և շրջել մեջքով դեպի պատուհանը, այլապես սառը օդի ազդեցության հետևանքով հազն ու հևոցը կարող են ուժեղանալ։ Հարկավոր է խուսափել մարմնի գերտաքացումից և միջանցիկ քամուց։ Բնակարանում օդի չափից ավելի չորությունը վերացնելու համար ջերմության աղբյուրի դիմաց խորհուրդ է տրվում մեծ ամանով ջուր դնել, իսկ ջեռուցման սարքերի վրա թաց շոր փռել։ Ուժեղ հազի կամ հևոցի ժամանակ հարկավոր է հիվանդին նստեցնել այնպես, որ հազալիս կարողանա ձեռքերով հենվել մահճակալին կամ աթոռին։ Այդ դրության մեջ հիվանդի հազը դյուրին է դառնում։ Քրոնիկական բրոնխաբորբի սրացման շրջանում անհրաժեշտ է սպիտակուցներով և վիտամին C-ով հարուստ սնունդ։ Հակացուցված են սուր կերակուրները, սոուսները, համեմունքները։ Բժշկի նշանակմամբ կիրառում են ֆիզիոթերապևտիկ բուժամիջոցներ և կատարում բուժական մարմնամարզություն։ Հիվանդը պետք է ծխելը թողնի։
Բրոնխաբորբի կանխարգելման համար անհրաժեշտ է օրգանիզմը կոփել։
Տես նաև Կոփել:
ԲՐՈՒՑԵԼՈԶ, կենդանիների և մարդու վարակիչ հիվանդություն։ Տես Զոոնոզներ։
ԲՈՒԺԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ, դիետային սնունդ, բուժական մյուս միջոցառումների համալիրում կիրառվում է մի շարք հիվանդությունների բուժման և կանխարգելման համար։ Ստամոքսաբորբի, հաստ աղիքի բորբոքման, ստամոքսի խոցի, լյարդի հիվանդությունների ժամանակ Բ. ս. բուժման հիմնական միջոցն է։ Կիրառվում է ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում։
Բ. ս-ի հիմնական սկզբունքներն են. անհատական մոտեցումը սննդի օրաբաժինը սահմանելու, սնվելու օրակարգի և սննդի խոհարարական մշակման եղանակի նկատմամբ, սննդի օրաբաժնի քանակական և որակական համապատասխանությունը հիվանդության բնույթին, հիվանդի և նրա օրգանիզմի առանձնահատկություններին, հավասարակշռված (հիմնական սննդարար նյութերի առավել բարենպաստ հարաբերակցություն) և ֆիզիոլոգիական առումով լիարժեք օրաբաժնի կազմումը։ Բ. ս. կիրառվում է միայն բժշկի խորհրդով և հսկողությամբ, քանի որ ինքնուրույն սահմանված մշտական սննդակարգը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։
Բ. ս-ում լայնորեն կիրառվում են սննդի քանակական (օրաբաժնի պակասեցում և ավելացում) և որակական (առանձին սննդամթերքի սահմանափակ ընդունում կամ բացառում) փոփոխումներ։ Դրանք նպաստում են մարսողության օրգանների խնայմանը, հիվանդ օրգանի վրա անբարենպաստ ազդող նյութերի ընդունման սահմանափակմանը կամ հակառակը խանգարված ֆունկցիայի վերականգնմանը նպաստող, կենսականորեն կարևոր, պակասող քիմիական նյութերի լրացմանը։ Բ. ս. պետք է լինի բազմազան, հիվանդի ճաշակին համապատասխան, եթե այն չի հակասում սննդակարգի պահանջներին։ Անհրաժեշտ է հիվանդին հնարավորին չափ ընտելացնել սննդի մեջ հարկադրական սահմանափակումներին։ Բ. ս-ի մթերքների խոհարարական մշակման եղանակներն ունեն որոշ առանձնահատկություններ։ Օրինակ, սրտի, երիկամների որոշ հիվանդությունների դեպքում նշանակվում է անալի սննդակարգ։ Որպեսզի անալի սնունդը տհաճություն չպատճառի, ուտեստներին ավելացնում են շաքար, մեղր, կիտրոնաթթու, մրգեր և հատապտուղներ, որոշ ճաշատեսակներին՝ եփած, ապա տապակած սոխ։ Հաճախ անհրաժեշտ է լինում սնվել տրորած ուտելիքով։ Դրա համար եփած բանջարեղենը անցկացնում են մաղով կամ մանրացնում մսաղացով, կարտոֆիլը տրորում են։ Շիլա եփելիս խորհուրդ է տրվում ձավարը նախապես աղալ սրճաղացով։ Որոշ դեպքերում (օրինակ, ստամոքսի և աղիքների վարակիչ հիվանդությունների ժամանակ) կերակուրն անհրաժեշտ է եփել գոլորշով։ Հատուկ կաթսայի (տես Շոգեեփոց) բացակայության դեպքում կարելի է օգտագործել սովորական լայն կաթսա։ Մեջը