Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիսելը, մուգ թեյը, կակաոն, հապալասը, տրորած ուտելիքը, 2-3 օրվա կաթնաթթվային մթերքները, պաքսիմատը։ Խորհուրդ չի տրվում օգտագործել սպիտակաձավարի շիլա, կարտոֆիլախյուս, ձու (հում և թերխաշ), սպիտակ հաց, կարկանդակ, մանր աղացվածքի ալյուրից հրուշակեղեն։

№4 սննդակարգի տարբերակները նշանակվում են մարսողության խանգարումներով ուղեկցվող՝ աղիքների սուր և քրոնիկական հիվանդությունների ժամանակ։ Ապաքինման ընթացքում նշանակվում է №4 սննդակարգը, որի դեպքում ուտելիքը եփվում է ջրով կամ գոլորշու վրա, կամ էլ ջեռեփվում և մատուցվում առավելապես չմանրած վիճակում։ Սնունդը պետք է ընդունել օրը 4-5 անգամ՝ փոքր բաժիններով։ Սննդի օրաբաժինը պարունակում է 100 գ սպիտակուցներ, մինչև 70 գ ճարպեր, 250 գ ածխաջրեր, 8-10 գ կերակրի աղ։

Թույլատրվում է օգտագործել նախորդ օրվա ցորենի հաց, չոր և ոչ ամոքահունց թխվածքաբլիթ (շաբաթական 1-2 անգամից ոչ հաճախ), սահմանափակ քանակությամբ լավ թխած բլիթներ կամ եփած մսով, բրնձով, ձվով, խնձորով և պովիդլոյով կարկանդակ, մսի կամ ձկան ոչ թունդ անյուղ արգանակով, լավ եփած ձավարով և վերմիշելով, մանր կտրտած բանջարեղենով (կարտոֆիլ, գազար, դդմիկ, դդում, ծաղկակաղամբ), շոգեխաշած մսագնդիկներով կամ ձկան կտորներով ապուրներ, եփած կամ շոգեխաշած ձուկ, միս, թռչնամիս, եփած և տրորած կարտոֆիլ, դդմիկ, դդում, գազար, կանաչ ոլոռ (եթե օրգանիզմն ընդանում է), ջրով բացած կաթով կամ 10 %-անոց սերուցքով եփած տրորած շիլաներ (բացի կորեկաձավարից և գարեձավարից), եփած վերմիշել և մակարոն, ձու կերակուրներում, ինչպես նաև թերխաշ, շոգեխաշած ձվածեղ, քաղցր սորտերի հատապտուղների և մրգերի հյութ (տաք ջրի հետ կես առ կես), կիսել, տրորած կոմպոտ, մաս, դոնդող (բացի ծիրանից, սեխից և սալորից), մարմելադ, պաստեղ, զեֆիր, մուրաբա, ջեմ, սահմանափակ քանակությամբ անարատ կաթ կերակուրներում, կաթնաթթվային մթերքներ (եթե օրգանիզմն ընդունում է), անալի պանիր, ոչ թթու թթվասեր (միայն կերակրատեսակներում, օրը 1-2 ճաշի գդալ), թարմ կաթնաշոռ և լոռով կերակուրներ, կաթնային և մրգային սոուսներ, ձկան դոնդողակ, բժշկական երշիկ, ոչ յուղոտ խոզապուխտ, ջուրը դրած (աղազրկած) տառեխ, մսով և եփած բանջարեղենով, հում խնձորով և թթվասերով սալաթներ, թեյ, թույլ սուրճ՝ ջրով բացած կաթով կամ 10 %-անոց սերուցքով, անալի կարագ (ավելացնել պատրաստի կերւսկրին 5-10 գ, կախված նրանից, թե օրգանիզմն ինչպես կընդունի)։ Մսային և ձկնային կերակրատեսակներին թույլատրվում է ավելացնել 1-2 դափնու տերև, մաղադանոս։ Հում հատապտուղներից, մրգերից և բանջարեղենից թույլատրվում են հասած քաղցր խնձոր, տանձ, ելակ, գետնամորի, ազնվամորի, ինչպես նաև պոմիդոր, հազար (օրը 100-200 գ-ից ոչ ավելի)։

Պիտի բացառվեն մրգահատապտղային բնական անարատ հյութերը, կաթը, պղպեղը, մանանեխը, քացախը, ծովաբողկը, տապակած, սուր և թթու կերակուրները, մարինադը, թթուն։

№5 սննդակարգ մեծ մասամբ նշանակվում է լյարդի և լեղուղիների հիվանդությունների ժամանակ։ Ուտելիքը եփվում է ջրով կամ գոլորշու վրա և մատուցվում առավելապես չմանրած տեսքով։ Սնունդը պետք է ընդունել օրը 4-5 անգամ։ Սննդի օրաբաժինը պարունակում է 100 գ սպիտակուցներ, 100 գ ճարպեր (որոնցից 1/3-ը՝ բուսական), 400-450 գ ածխաջրեր, 10-12 գ կերակրի աղ։

Թույլատրվում է օգտագործել նախորդ օրվա ցորենի և աշորայի (եթե օրգանիզմն ընդունում է) հաց, պաքսիմատ, ոչ ամոքահունց թխվածքաբլիթ, չոր բիսքվիտ, թխած կարկանդակ (անպայման հովացած, շաբաթը 1–2 անգամից ոչ հաճախ), բանջարեղենի եփուկով, ձավարով, բանջարեղենով, կաթով, մրգով ապուրներ, եփած կամ եփելուց հետո ջեռոցը դրած տավարի, ձկան, թռչնի անյուղ մսից պատրաստված տարբեր կերակրատեսակներ, հում և եփած բանջարեղենով կերակուրներ, քաշովիներ և շիլաներ (հատկապես վարսակի ձավարով և սևաձավարով), ձվի սպիտակուցից պատրաստված ուտեստներ (կերակուրների մեջ օրը մեկից ոչ ավելի ձու), տարբեր մրգերի և հատապտուղների քաղցր սորտեր (հում և կերակրի մեջ), մրգահատապտղային բնական հյութեր (բացի լոռամրգից, կարմիր հաղարջից և ցիտրուսներից), կիսել, կոմպոտ, դոնդող, անարատ կաթ բնական տեսքով և կերակուրներում, չոր և խտացրած կաթ, թարմ լոռ և լոռից պատրաստված ուտեստներ (եփած կամ ջեռեփած), թթվասեր և սերուցք (1-2 ճաշի գդալ) կերակուրը համեմելու համար, կաթով, թթվասերով, բանջարեղենով և միրգ-բանջարեղենով սոուսներ, անալի պանիր, ջուրը դրած (աղազրկած) տառեխ, բժշկական երշիկ, մսի և ձկան դոնդողակ, կաթով թեյ, սուռոգատային սուրճ, կարագը և ձեթն ավելացնել պատրաստի կերակուրներին։

Պիտի բացառվեն տապակած, ապխտած, յուղալի, կծու և թթու կերակուրները, թթուն, մարինադը, մսի, ձկան և սնկի արգանակը, ոչխարի, խոզի, սագի, բադի մսից կերակրատեսակները, ուղեղը, սոխը, սխտորը, բողկը, սպանախը, ծովաբողկը, մանանեխը, պղպեղը, քացախը, պոմիդորը, մսի և ձկան պահածոները (տոմատով և յուղով)։ Լեղապարկում քար ունեցող հիվանդները պիտի սահմանափակեն նաև շաքարի, մուրաբայի, մեղրի և հրուշակեղենի օգտագործումը։

№8 սննդակարգ նշանակվում է գիրության դեպքում։ Սննդի օրաբաժնում սահմանափակվում են ածխաջրերը, ճարպերը և ախորժաբեր նյութերը, իջեցված է ընդհանուր կալորիականությունը։ Կերակուրները պատրաստվում են անալի։ Սնունդը պետք է ընդունել օրը 4-5 անգամ (երբեմն՝ ավելի հաճախ), փոքր բաժիններով։ Սննդի օրաբաժինը պարունակում է 90-130 գ սպիտակուցներ, 60-90 գ ճարպեր, 100-200 գ ածխաջրեր, 3-5 գ աղ (պատրաստի կերակուրներին ավելացնելու համար)։ Բժշկի խորհրդով սննդակարգը պարբերաբար փոխարինում են բեռնաթափման օրերով։

Թույլատրվում է օգտագործել ցորենի և աշորայի հաց (օրը 200 գ-ից ոչ ավելի), մսի, ձկան, կամ բանջարեղենի եփուկով ապուրներ, ոչ յուղոտ միս և ձուկ, հում և եփած բանջարեղեն (կաղամբ, վարունգ, դդմիկ, բողկ, կանաչ լոբի, լոլիկ, ծնեբեկ՝ առանց սահմանափակման, կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը, դդումը, շատ ածխաջրեր պարունակող այլ բանջարեղեն խիստ սահմանափակ քանակությամբ), քիչ քանակությամբ ձու (թերխաշ և կերակուրների մեջ), հում միրգը և հատապտուղները խիստ սահմանափակ քանակությամբ, կաթնամթերք (թթվասերը միայն որպես համեմունք), թեյ, սուրճ, կարագը, հալած յուղը և ձեթը՝