Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարտկոցների հետևի մասը ևն)` մշակվող մակերևույթի 1 մ² համար 10-20 գ հաշվով։ Մակերևույթին մնացած Դ. հինգ օր անց հարկավոր է մաքրել։

Դ. թունավոր է, այդ պատճառով փոշեցրելուց առաջ անհրաժեշտ է հեռացնել ուտելիքը, աքվարիումները, թռչուններին և տնային կենդանիներին, քիթն ու բերանը փակել չորստակ ծալած թանզիֆով։ Մշակման ընթացքում պետք է լուսամուտները (օդանցքները) բաց պահել՝ խուսափելով միջանցիկ քամուց, այնուհետև՝ սենյակն օդափոխել։ Սննդամթերքի պահարանները և դարակները չի կարելի Դ-ով մշակել։ Աշխատանքն ավարտելուց հետո դեմքը և ձեռքերն անհրաժեշտ է լվանալ օճառով։

ԵՐԵՍՊԱՏՈՒՄ ՍԱԼԻԿՆԵՐՈՎ, խոհանոցի, լողասենյակի և զուգարանի ներսում պատերն ու հատակը երեսպատվում են խեցե ջնարակված սալիկներով։ Պատերի երեսպատման համար օգտագործում են նաև պոլիստիրոլային պլաստմասսայից պատրաստված սալիկներ։ Պատերը երեսպատվում են ամբողջությամբ կամ որոշակի տեղերում (լվացատաշտակի, լվացակոնքի, սալօջախի մոտ)։

Խեցե ջնարակված սալիկները լինում են շարային (քառակուսի և ուղղանկյուն), անկյունային, քիվային և շրիշակային։ Ըստ երեսի մակերևույթի տարբերում են հարթ, ակոսավոր, բրգաձև սալիկներ, ըստ գույնի՝ մեներանգ և բազմերանգ։ Սալիկները շարում են «կարը կարին» (առավել հաճախ), «ցրիվ» կամ անկյունագծով։ Նախքան երեսպատումն սկսելը, անհրաժեշտ է ստուգել սալիկների մակերևույթի որակը, տեսակավորել դրանք ըստ գույնի և չափի։ Խեցե սալիկները կարելի է կտրել պոբեդիտե սայր ունեցող պողպատե կտրիչով, խարտոցի սուր եզրով, ապակեկտրիչով։ Երեսպատածը ցեմենտի շաղախով կատարելու դեպքում, լավ կպչունություն ապահովելու նպատակով, սալիկները նախապես մի քանի ժամ պետք է թողնել ջրում, այնուհետև ջրից հանել և անմիջապես տեղադրել։ Հարկ է նկատի ունենալ, որ ջնարակված բարակ սալիկների որոշ տեսակների արծնաշերտի տակ թրջելուց հետո կարող են մնալ ջրի հետքեր։ Այդպիսի սալիկները չեն թրջում, այլ թացացնում են խոնավ վրձնով կամ ջնջոցով։

Հատակի երեսպատումը (սալիկների փռումը հատակին) կատարում են պատերի երեսպատումից առաջ, որպեսզի պատերի սալիկները հենվեն հատակին։ Եթե հատակը երեսպատվում է պատերից հետո, ապա յուրաքանչյուր պատի ներքևում հարկ է լինում տեղադրել ձողեր, որոնց վրա հենվում են սալիկների ներքևի շարքերը։ Տարբեր ձևի և գույնի սալիկներով կարելի է հատակը երեսարկել զարդանախշերով։ Պատերի միջև միշտ չէ, որ ամբողջ թվով սալիկներ են շարվում, և հարկ է լինում դրանք կտրատել, որը հանգեցնում է սալիկների գերածախսի և շատ ժամանակ է խլում։ Համաչափ փռելու դեպքում, երբ առաջին սալիկը տեղադրվում է հատակի կենտրոնում, պատերի մոտի շարքում հարկ է լինում շատ սալիկներ կտրատել։ Ոչ համաչափ փռելու դեպքում սալիկները տեղադրում են որևէ անկյունից դեպի երկու պատը, և կտրատվում են միայն տվյալ պատերի եզրաշարերի սալիկները։ Սալիկները չջարդելու և չսղոցելու համար կարելի է շարել հատակին և որոշել դրանց թիվը յուրաքանչյուր շարքում։ Եթե մի շարքում չեն տեղավորվում ամբողջ թվով սալիկներ, ապա պատի ամենաներքևի մասում քերում են սվաղը այնպիսի խորությամբ, որ սալիկների թիվը տվյալ շարքում ամբողջանա։

Փայտե հատակը նախ անհրաժեշտ է պատել պողպատացանցով, այնուհետև լցնել երեսասվաղ 2-3 սմ հաստության բետոնի շերտ, փռել ցանցի և բետոնի մեկական շերտ, խնամքով հարթեցնել և «քերծոտել»։ Բետոնի պնդանալուց հետո (3-5 օրից) կարելի է սալիկները տեղադրել։ Երեսասվաղը հարկավոր է թրջել ջրով և լցնել մանր մաղած մաքուր ցեմենտի շերտ (2-3 մմ), որը երեսասվաղից կլանելով ջուրը, դառնում է խմոր, դրա վրա պետք է փռել սալիկները։ Մաքուր ցեմենտի փոխարեն կարելի է օգտագործել ցեմենտի և մանր ավազի հավասար մասերից բաղկացած շաղախ, այն քսելով 2-3 մմ հաստության շերտով։ Եթե երեսասվաղը շատ անհարթ է, ապա շաղախաշերտի հաստությունը կարելի է հասցնել 7-15 մմ-ի։

Սալիկները պետք է անպայման շարել հարթաչափով, դրա համար հարկավոր է պատի եզրամասերում գիպսի շաղախի վրա դնել հենանիշեր նույն բարձրությամբ ամրացված սալիկներ։ Այնուհետև հարկավոր է դրանց միջև ցեմենտի շաղախի վրա փռել սալիկները, դրանք թիակի կամ ծեփակի կոթով նստեցնել մինչև պահանջվող մակարդակը և քանոնով համեմատել հարթաչափի հետ։ Եթե երեսասվաղն անհարթ է, ապա սալիկների տակ հարկավոր է շաղախը ավելացնել կամ հեռացնել ավելորդը։

Փռելիս դուրս մղված ցեմենտի շաղախը պետք է հեռացնել, իսկ երկու-երեք օր հետո պատրաստել ցեմենտաջուր, դրանով ողողել հատակը, ամբողջովին լցնելով սալիկների միջև եղած կարերը։ Մեկ-երկու օր հետո խոնավ շորով հարկավոր է հեռացնել սալիկների վրայի ցեմենտը, թողնելով այն միայն կարերի մեջ։ Եթե ցեմենտը դժվար է մաքրվում, ապա հատակը կարելի է մշակել աղաթթվի 3 տոկոսանոց լուծույթով և 2-3 րոպե անց լվանալ ջրով։ Քայլել այդ հատակի վրա կարելի է մեկ շաբաթ հետո։

Պատերի երեսպատումը։ Պատերի երեսպատումը ցեմենտի շաղախով (աղյուսի, քարի կամ բետոնի մակերևույթների վրա) սկսում են ուղղալարով կամ ձողաքանոնով պատերի թեքվածքը որոշելուց և երեսպատման մակերևույթն ըստ սալիկների չափանշելուց (այսպես կոչված, փարոսային հենանիշերի տեղակայմամբ)։ Հենանիշերը (սալիկները), որոնցով որոշվում է երեսպատման ապագա մակերևույթը, տեղակայվում են ուղղալարի օգնությամբ հաշվի առնելով շաղախի հաստությունը (10-15 մմ), միմյանցից ոչ ավելի, քան 50 սմ հեռավորությամբ։ Եթե երեսպատվող մակերեսների չափերը մեծ չեն, բավական է յուրաքանչյուր պատին տեղադրել 4-ական հենանիշ վերևի և ներքևի անկյուններում։ Այնուհետև