միջին ականջ չթափանցելու համար, պետք է քիթը մաքրել զգույշ՝ քթանցքերն առանձին-առանձին։
Քրոնիկական Հ. կարող է առաջանալ հաճախ կրկնվող սուր Հ-ից, քթի լորձաթաղանթը փոշիով կամ գազերով մշտապես գրգռվելիս (այսպես կոչված մասնագիտական Հ.), գեղձանմանների, քթի կառուցվածքի փոփոխությունների (քթի միջնապատի ծռումներ), քթի հավելյալ ծոցերի թարախային բորբոքումների (հայմորիտ, ֆրոնտիտ) ժամանակ։ Քրոնիկական Հ-ի ախտանշանները նույնն են, ինչ սուր Հ-ինը, միայն ավելի թույլ արտահայտված։
Նյարդային հիվանդները, որոշ հոտերի նկատմամբ բարձր զգայունությամբ օժտված մարդիկ հաճախ հիվանդանում են ալերգիական կամ անոթաշարժական Հ-ով, որն արտահայտվում է քթից հանկարծակի առատ, մեծ մասամբ ջրային արտադրությամբ, աչքերի լորձաթաղանթի կարմրությամբ։
Բուժումը նշանակում է բժիշկը։ Հ-ի կանխարգելման նպատակով հարկավոր է կանոնավոր կոփել օրգանիզմը, զբաղվել սպորտով։
ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐ, տես Որդեր:
ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տեսողության թերություն, որի դեպքում խանգարվում է դիտվող առարկայի (հատկապես մոտ գտնվող) պարզորոշ պատկերը։ Լինում է բնածին և ձեռքբերովի։ Գրեթե բոլոր երեխաները ծնվում են հեռատես, բայց աճի ու զարգացման ընթացքում Հ-յան աստիճանն աստիճանաբար փոքրանում է և մոտավորապես 10 տարեկանում մեծամասնության տեսողությունը բնականոնանում է։ Թույլ և նույնիսկ միջին աստիճանի (մինչև +3 դիօպտր) Հ-յան դեպքում տեսողության սրությունը լինում է բնականոն և հատուկ ակնոցներով շտկելու անհրաժեշտություն չի զգացվում։ Առավել բարձր աստիճանի (+5 դիօպտրից բարձր) Հ-յան դեպքում տեսողության սրությունը երբեմն խանգարվում է և նույնիսկ ակնոցների օգտագործման դեպքում չի հասնում բնականոնի։ Ուժեղ արտահայտված Հ-յան դեպքում, եթե ակնոց չեն օգտագործում, հաճախ առաջանում է աչքերի արագ հոգնածություն, գլխացավ, բութ ցավեր ճակատի և աչքերի շրջանում, աչքերում ճնշման զգացում։ Կարդալիս տառերն սկսում են միաձուլվել։ Պարապմունքների ժամանակ ընդմիջումը ժամանակավոր վերացնում է այդ երևույթները, սակայն շուտով դրանք նորից ի հայտ են գալիս։
Համառ գլխացավերի դեպքում դպրոցականները պետք է դիմեն բժշկի և Հ-յան հայտնաբերման դեպքում անպայման ակնոց կրեն։ Երեխաների Հ. երբեմն կարող է շլության առաջացման պատճառ դառնալ։
ՀԻՆԱ, կարմրադեղնավուն ներկ (թարմ հինայի փոշին գորշ կանաչավուն է)։ Ստացվում է Եգիպտոսում, Իրանում, Հնդկաստանում, Արաբական թերակղզում աճող լավսոնիայի թփի տերևներից։ Օգտագործում են բուրդ և մազեր ներկելու համար։ Հ. նպաստում է մազերի աճին։ Ներկելուց առաջ մազերը պետք է լվանալ։ Հ-ի փոշին լցնել ճենապակե կամ ապակե ամանի մեջ, ավելացնել եռացրած տաք ջուր (60-70 °C) և խառնել փայտե գդալով մինչև թանձր համասեռ զանգված դառնալը, ապա խոզանակով կամ բամբակե խծուծով քսել մազերին։ Գլուխը ծածկել պերգամինաթղթով կամ պոլիէթիլենե թաղանթով, վրայից խավավոր սրբիչով և 30-40 րոպե հետո լվանալ տաք ջրով՝ առանց օճառի։ Հ-ով ներկելուց հետո մազերը չի կարելի պարզաջրել անգամ քիչ թթվեցրած (քացախաթթվով կամ կիտրոնաթթվով) ջրով, քանի որ այն կարող է նվազեցնել ներկի ազդեցությունը։ Հ. օգտագործելուց հետո մեկ օրվա ընթացքում մազերին չի կարելի ճարպ քսել և գանգրացնել։
ՀԻՊԵՐՏՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, սիրտանոթային համակարգի ամենատարածված հիվանդություններից։ Բնորոշ ախտանշանը արյան զարկերակային ճնշման բարձրացումն է (հիպերտենզիան), որը անոթային լարման կարգավորման խանգարումների հետևանք է։ Հ. հ-յան առաջացմանը նպաստում են մշտական նյարդային լարվածությունը, հոգեկան հուզումները, ոչ լիարժեք ավելցուկային սնունդը, քիչ շարժուն ապրելակերպը։ Հ. հ. զարգանում է սովորաբար 40 տարեկանից հետո, երբեմն ավելի երիտասարդ տարիքում։
Հ. հ-յան սկզբնական փուլում, զարկերակային ճնշման անկայուն բարձրացումից բացի, պարբերաբար կարող են առաջանալ գլխացավեր, սրտխփոց, երբեմն սրտի շրջանում ցավեր, ծոծրակում ծանրության զգացում։ Հետագայում առաջանում են գլխապտույտ, ձեռքերի և ոտքերի մատների թմրածություն, դեպի գլուխն արյան առլեցուններ, աչքերի առջև երևում են «մժեղներ»։ Հիվանդներն արագ հոգնում են, խանգարվում է քունը։
Հ. հ-յան վտանգը պայմանավորված է հնարավոր բարդություններով (սրտամկանի ինֆարկտ, կաթված, երիկամային անբավարարություն) և պահանջում է երկարատև կայուն բուժում, որի արդյունավետությունը կախված է հիվանդության փուլից և հիվանդի վարքագծից։ Հիվանդը որքան վաղ է դիմում բժշկի և ճշտորեն կատարում նրա նշանակումները, այնքան արագ և կայուն է բուժման արդյունքը։ Կարևոր նշանակություն ունի ռեժիմը։ Հիվանդը պետք է հնարավորության դեպքում խուսափի ֆիզիկական, առավել ևս հոգեկան գերլարվածությունից, խստորեն պահպանի աշխատանքի և հանգստի ռեժիմը, հրաժարվի ծխելուց և ոգելից խմիչքներից, քնի 8 ժամից ոչ պակաս։
Քանի որ զարկերակային արյան ճնշման բարձրացումն ուղղակիորեն կապված է երիկամների միջոցով նատրիումի քլորիդի արտազատման նվազման հետ, ուստի Հ.հ-յան զարգացումը կանխելու և հիվանդի վիճակը բարելավելու նպատակով կարևոր են սննդի օրաբաժնում