Չոր Մ. ավելի լավ է լվանալ շատ ճարպ պարունակող օճառով, ինչպես նաև չոր Մ-ի համար նախատեսված շամպունով։ Օճառի փոխարեն կարելի է օգտագործել մածուն կամ ձվի դեղնուց. մածունն առատորեն քսել գլխի մաշկին և Մ-ին, գլուխը կապել գլխաշորով և 5-10 րոպեից հետո տաք ջրով խնամքով լվանալ։ Դեղնուցով լվանալու համար այն պետք է հարել քիչ ջրով, ստացված հեղուկով լվանալ Մ., ապա պարզաջրել տաք ջրով։ Մազարմատներն ամրացնելու և աճն արագացնելու նպատակով լավ է Մ. ողողել աղաջրի լուծույթով (1 լ ջրին՝ 1 ճաշի գդալ աղ), շաբաթը 2 անգամ սնուցել ձվի դեղնուցով. դեղնուցը քսել մազարմատներին, 15 րոպե պահելուց հետո գլուխը լվանալ գոլ ջրով։ Խորհուրդ է տրվում նաև Մ. լվանալուց 1-2 ժամ առաջ մաշկը շփել մի փոքր տաքացրած ձեթով (գերչակի, ձիթապտղի ևն)։ Ճարպոտ Մ. լվանալուց հետո լավ է ցողել եղինջի, եզան լեզվի, կաղնու տերևների թուրմով։ Օգտակար են նաև բուսական ծագում ունեցող միջոցները՝ հինայի, բասմայի, երիցուկի, սոխի և կանաչ ընկույզի կեղևի թուրմերը։ Խորհուրդ է տրվում Մ. չորացնել փափուկ սրբիչով։
Կարճ Մ. պետք է սանրել արմատից, իսկ երկար Մ.՝ ծայրերից։ Հատկապես զգուշորեն պետք է սանրել չոր Մ.։ Սանրը պետք է ունենա նոսր և ոչ սուր ատամներ։ Մ. ցանկալի է սանրել խոզանակով, որի շնորհիվ ճարպը հավասարաչափ տարածվում է մազի ամբողջ երկարությամբ, լավանում է գլխի մաշկի արյան շրջանառությունը։ Խոզանակը պետք է լինի կոշտ, բայց ոչ ծակծկող։ Ուրիշի սանրից և խոզանակից օգտվելն անթույլատրելի է։ Ծանր և նեղ գլխարկները, կեղծամների ամենօրյա օգտագործումը ճնշում են մաշկը և դժվարացնում օղի ներթափանցումը, որը նպաստում է մազաթափությանը։ Արևի, քամու, ծովի ջրի ազդեցությունից Մ. դառնում են խամրած, չոր, փխրուն, փոխվում է նրանց գույնը։ Ցուրտը նույնպես բացասաբար է անդրադառնում Մ-ի վրա, ուստի ցուրտ եղանակին անհրաժեշտ է գլխարկ դնել։ Փոշոտ աշխատանքի ժամանակ Մ. պետք է ծածկել գլխաշորով։ Ամուր ձգելուց, փաթաթելուց, ինչպես նաև մշտապես պինդ հյուսելուց Մ. դառնում են դյուրաբեկ և թափվում են։
ՄԱՆԱՆԵԽԻ ՇԵՓՈՆ, մանանեխի փոշու շերտով պատված թղթի թերթիկ։ Օգտագործելուց առաջ Մ. ծ. հարկավոր է թրջել գոլ ջրում, իսկ այնուհետև կպցնել անմիջականորեն մաշկին կամ (եթե մաշկը շատ զգայուն է) լրագրի, թանզիֆի, քաթանի վրայից։ Մ.ծ. հարկավոր է պահել մինչև մաշկի կարմրելը (սովորաբար 5-10 րոպե)։ Ծեփոնը հանելուց հետո մանանեխի մնացորդը հարկավոր է մաշկից հեռացնել գոլ ջրով, ապա մաշկը զգուշորեն ցամաքեցնել, իսկ զգալի կարմրության դեպքում վազելին քսել։ Տնային պայմաններում Մ.ծ. պատրաստելու համար չոր մանանեխը (երեխաների համար՝ ցորենի ալյուրի կամ օսլայի հետ 1:1 հարաբերությամբ խառնած) բացել գոլ ջրով մինչև թանձր զանգված ստանալը։ Զանգվածը քսել խիտ գործվածքի վրա՝ մոտավորապես 1/2 սմ հաստության շերտով, վրայից ծածկել գործվածքով և դնել մաշկի վրա։ Ծեփոնը կիպ սեղմել՝ պահելով ձեռքով կամ վիրակապով կապելով։ Վերին շնչառական ուղիների բորբոքման դեպքում ծեփոնները դրվում են կրծքին (կրծքավանդակի կենտրոնում) և ձկնամկաններին, հիպերտոնիայի դեպքում՝ ծոծրակի շրջանում ևն։ Մ.ծ–ի օգտագործումը հակացուցված է զանազան մաշկային հիվանդությունների դեպքում։ Կրծքի և մսուրային տարիքի երեխաներին խորհուրդ է տրվում փաթաթել մանանեխի լուծույթով թրջած շորով. քաթանը թրջել մանանեխի գոլ լուծույթով (1 թեյի գդալ չոր մանանեխ՝ 0,5 լ ջրին), քամել, արագ փաթաթել մարմնի անհրաժեշտ մասը, երեխային ծածկել սավանով և վերմակով (կարելի է պահել 3-ից մինչև 10 րոպե)։
ՄԱՆԻԿՅՈՒՐ, ձեռքի եղունգների խնամքը։ Խորհուրդ է տրվում Մ. անել 7-10 օրը մեկ, հետևյալ հաջորդականությամբ. լաքի հատուկ լուծիչով հանել հին լաքի մնացորդները, եղունգները կտրել մկրատով կամ փոքր ունելիով։ Կարճ, հաստ մատների դեպքում եղունգներին ցանկալի է տալ երկարավուն ձվաձև, բարակ մատների դեպքում՝ կլորավուն տեսք։ Եղունգները պետք է խարտել մի ուղղությամբ, այդ դեպքում դրանք չեն շերտավորվի։ Խարտելուց հետո եղունգների բարակ մաշկին պետք է քսել սնուցիչ քսուք և բութ թիակով մաշկն անջատել եղունգներից։ Մատները մի քանի րոպե հարկավոր է ընկղմել գոլ օճառաջրի մեջ, որպեսզի եղունգների վրայի բարակ մաշկը փափկի։ Այնուհետև, մատները հանել ջրից, չորացնել, փափկած մաշկը կտրել կլոր ծայրերով բարակ մկրատով։ Եղունգների անկյունների մաշկը պետք է կտրել ունելիով (վնասվելու դեպքում դնել ջրածնի գերօքսիդի 3 %-անոց լուծույթով թրջած բամբակ, ապա յոդ քսել)։ Այնուհետև, մատների ծայրերը պետք է լավ չորացնել և եղունգներին լաք քսել փոքր տափակ վրձնով՝ հիմքից դեպի ծայրը։ Լայն եղունգներն ավելի նուրբ տեսք կունենան, եթե լաքը քսվի նեղ շերտով։
Եղունգները կարելի է չպատել լաքով, այլ պարզապես փայլեցնել. թավշակաշվի կամ ֆլանելի կտորի վրա պետք է լցնել կավճափոշի և եղունգները շփել մինչև փայլելը, ձեռքերը լվանալուց հետո տրորել թավշակաշվի կամ ֆլանելի մաքուր լաթով։ Խորհուրդ չի տրվում եղունգները հաճախ փայլեցնել, քանի որ դրանք բարակում են և դառնում դյուրաբեկ։
ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, սուր վարակիչ հիվանդություններ, որոնք փոխանցվում են օդի միջոցով և առավելապես հանդիպում են մանկական տարիքում։ Դրանցից են ջրծաղիկը, դիֆթերիան, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, ուղեղապատյանների բորբոքումը (մենինգիտ), քութեշը, խոզուկը։ Հարուցիչները հիվանդների կամ վարակակրի արտազատած բակտերիաներն են և վիրուսները (տես նաև Բակտերիակրություն)։ Հիվանդը վարակիչ է հիվանդության սկզբում կամ դրան նախորդող մի քանի օրերին։